Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ինչպես և կանխատեսվել էր՝ մարտի 11-12-ին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ: Բացառություն են կազմել Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ տեղումները եղել են ձնախառն անձրևի և թաց ձյան տեսքով։
Ամենաառատ տեղումները գրանցվել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, որտեղ առանձին հատվածներում 24 ժամում դիտվել է ամսական նորմի չափ տեղում։
Ձյան ծածկի առավելագույն ավելացումը 24 ժամում գրանցվել է Սիսիանի և Գորիսի հատվածներում՝ 30-35սմ, Ջերմուկում՝ 35սմ, Որոտանի լեռնանցքում՝ 30սմ։
Սիսիանի և Կապանի հատվածում ձյան տեղումներն ուղեկցվել են ուժեղ ամպրոպներով, որը հազվադեպ երևույթ է։
Այսօր ցերեկը ցիկլոնի ակտիվ ազդեցությունը կպահպանվի մինչև կեսօր: Շրջանների զգալի մասում կշարունակվեն ձյան տեղումները, Վայոց Ձորում և Սյունիքում ձյունը կլինի ինտենսիվ։
Երեկոյան ժամերին ցիկլոնային դաշտը դուրս կգա Հայաստանի տարածքից և տեղումները կդադարեն։