Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հաստատել է Ղրիմի դեօկուպացիայի և վերաինտերգման ռազմավարությունը, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։ «Սա հստակ ազդանշան է․ մենք ոչ միայն կոչ ենք անում աշխարհին մեզ օգնել վերադարձնել Ղրիմը, այլ Ուկրաինան ինքն է լրջորեն զբաղվում այդ հարցով նախագահ Զելենսկու նախաձեռնությամբ», ասել է նա:


Զելենսկիի իշխանության գալուց հետո ռուսական ուղղությամբ քաղաքականության որոշակի մեղմացում էր նկատվում: Փորձագետներն ասում են, որ դա գալիս էր ոչ միայն նոր նախագահի անփորձությունից, նրա վարչակազմում ռուսական շահերի լոբբիստների ու ագենտուրայի գործունեությունից, նրա գրասենյակի ղեկավար Երմակի գլխավորությամբ, այլեւ Արեւմուտքի դիրքորոշումից: Ռուսաստանը շտապում էր օգտագործել այս հանգամանքն ուկրաինական ուղղությամբ իր ծրագրերն իրականացնելու, այն է՝ Ղրիմի բռնակցումն օրինականացնելու եւ Դոնբասով Ուկրաինայի «ֆեդերալացման» ու արեւմտյան պատժամիջոցները հանելու համար:


ԱՄՆ-ում նոր վարչակարգի հաստատումից եւ Ուկրաինայի հարցում հստակ դիրքորոշում հայտնելուց հետո իրավիճակը փոխվել է, եւ Ուկրաինայում հաղթել է պայմանական Կուլեբայի թեւը: Ռուսական ծրագրերի տապալման մասին է վկայում Դոնբասում իրավիճակի սրումն ու նոր պատերազմի սպառնալիքը Մոսկվայից:

Պետք է նշել, որ Ուկրաինայում ռուսական պլանների ձախողման հարցում էական դեր է խաղացել Արցախի դեմ ռուս-թուրքական ահաբեկչական պատերազմը, ինչպես նաեւ Ռուսաստանի թրքահպատակ քաղաքականությունը: Դրանից հետո սակայն Թուրքիան ոչ միայն չի փոխել Ղրիմի հարցում հռետորաբանությունը, այլեւ Ուկրաինային է փոխանցում Ղարաբաղյան պատերազմում կիրառված տեխնոլոգիաներն ու մարտավարությունը: Ռուս փորձագետների գնահատմամբ, պատերազմը ցույց տվեց դրանց առավելությունը ռուսականի հանդեպ, ինչը լուրջ հարված էր Մոսկվայի իմիջին՝ ռազմաքաղաքական եւ դաշնակցին հանձնելու առումով: Ավելին, Թուրքիան ռուսներից ստացած Ս-400-ը փորձարկեց հենց Ղրիմի օդը փակելով:

Կրեմլը հույս է հայտնել, որ Թուրքիան ի վերջո կհասկանա Ռուսաստանի դիրքորոշումը Ղրիմի հարցում: Հույսը վերջինն է մեռնում, մինչ այդ՝ թուրքերի առաջընթացը դեպի Մեծ Կովկաս ու Ղրիմ դանդաղեցնելու համար Հայաստանից դեռ ինչ որ բան է մնացել: Թեեւ, դա արդեն խիստ կասկածելի ռեսուրս է Մոսկվայի նպատակների համար: Հայաստանի ոչնչացման գնով Ռուսաստանի գոյությունը պահելու դարավոր քաղաքականությունը սպառվել է: Մոսկվան ելք ունի՝ Արցախում վերականգնել 1994-ի սահմանները եւ վերացնել 1921-ի պայմանագրի հետեւանքները՝ Հայաստանին Նախիջեւանի, Կարսի եւ Սուրմալու-Արարատի վերաինտեգրումով: