Սլովակիայում ավագ դպրոցի երիտասարդ ուսուցչուհին մահացել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության արտադրած պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Սլովակյան հեռուստատեսությունը:

Դրա տվյալներով՝ փետրվարի կեսին պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո 38-ամյա կնոջ մոտ կտրուկ բացասական արձագանք է գրանցվել՝ ուժեղ գլխացավեր, ինչպես նաեւ հոդացավեր եւ ներարկման տեղում ցավ, բարձր ջերմաստիճան:


Պատվաստումից մեկ շաբաթ անց ուսուցիչուհին ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Մի քանի օր անց, չնայած նրան փրկելու բժիշկների քրտնաջան փորձերին, կինը մահացել է: Կնոջ հայրը դստեր մահվան մեջ մեղադրել է պատվաստանյութեր արտադրողներին եւ պահանջել դադարեցնել դրա օգտագործումը: Սլովակիայում AstraZeneca դեղամիջոցն օգտագործվում է տարրական եւ միջնակարգ դպրոցների ուսուցիչներին պատվաստելու համար:

Սլովակիայում անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին սկսվեց կորոնավիրուսի դեմ պատվաստումը: Այս պահին պատվաստվել է 388 584 բնակիչ, նրանցից 208 340-ը պատվաստումների ամբողջական ցիկլ է անցել: Մարտի 1-ին հանրապետություն էր մատակարարվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Դրա օգտագործումը, ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարությունը, պետք է սկսվի այս ամսվա երկրորդ կեսին: Երկիր նաեւ դեղամիջոցներ են մատակարարվում, որոնք արտադրում են ամերիկյան Pfizer ընկերությունը եւ դրա գերմանական գործընկեր BioNTech-ը, ամերիկյան Moderna ընկերությունը, ինչպես նաեւ AstraZeneca-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: