Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել 10-րդ դարի վանական համալիրի ֆոնին։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին գարնանային հանդերձանքով է․ վերարկու, բաց երանգի կիսաերկարաճիտներ, լայնեզր գլխարկ։
«Գյումրին... ՀՀ «հայրաքաղաքը»...
Բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են Գյումրի այցելել (եթե հատկապես գալու են մեր «Երկնագույն շան աչքերը» ներկայացումը դիտելու) առաջարկում եմ հետևյալ վայրերը, որոնք կարելի է, կամ էլ անհրաժեշտ է այցելել` Գյումրիում գեղեցիկ օր ունենալու համար:
Մարմաշեն (նկարի վայրը)- Ախուրյան գետի ափին տեղակայված 10-րդ դարի վանական համալիր է, շինարարական ակտիվ գործունեությունը ծավալվել է Վահրամ Պահլավունու օրոք: Հրաշք վայր է:
Երերույքի տաճար... Տեղակայված է Գյումրիից մի փոքր հեռու` Անիպեմզա գյուղի մոտ: Պահպանվել է կիսավեր վիճակում։ Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից։ Իր տեսակի մեջ համարվում է Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը:Ամենաուժեղ էներգետիկ տաճարներից:
Անիի տաճարը հայկական կողմից տեսնելու` մոտ 1 կմ հեռավորությունից, Եթե հնարավորություն կունենաք, (այցը կազմակերպելը փոքր ինչ բարդ է, տարածքը գտնվում է հայ-թուրքական չեզոք գոտում, վերահսկում է ռուսական զորքը): Չեմ կարող նկարագրել ինչ զգացողություններ են:
Սև բերդ(սև Ղուլ) - 1834 թ.-ին կառուցված ամրոց է, ռազմական նշանակություն է ունեցել, ժամանակին ստորգետնյա ճանապարհներ են գործարկվել դեպի ներկայիս Մայր Հայաստանի հուշարձան և Կարմիր բերդ:
Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկ) թանգարան
Ասլամազյան քույրերի թանգարան
Ավ. Իսահակյանի տուն-թանգարան
Շիրազի թանգարան», հրապարակմանը կից գրել է դերասանուհին, ապա հետեւորդներին առաջարկել ներկայացնել իրենց տարբերակները։