ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն երեկ ժամանել է տարածաշրջան՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկելու ղարաբաղյան խնդիրն ու վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։
Առաջին կանգառը Բաքվում էր, որտեղ նա առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով:
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության վերականգնումը կարող է ելակետ դառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն ամբողջությամբ անցյալում թողնելու համար:
«Մենք արդեն սկսել ենք բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության բացման վերաբերյալ: Սա նոյեմբերի 9-ին ստորագրված [եռակողմ] հայտարարության մի մասն է: Բանակցությունների մի քանի փուլեր տարբեր մակարդակներում արդեն կայացել են: Կարծում եմ, որ հենց այս հարցը կարող է ելակետ դառնալ պատերազմի էջն ամբողջությամբ թերթելու և այն պատմության մեջ թողնելու համար», - ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի, ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ հաղարդակցության բացումը կօգնի ողջ տարածաշրջանին, դինամիկա կհաղորդի տարածաշրջանային համագործակցությանը և նոր հնարավորություններ կբացի:
«Դա կարող է հանգեցնել հնարավոր համագործակցության շատ ոլորտներում: Ես արդեն բացահայտ ասել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան», - ավելացրել է նա:
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ պատերազմից հետո չորս ամիսները «ցույց են տալիս երկու կողմերի կամքը՝ փակելու այս էջը և ուշադրությունն ուղղելու ապագային»:
Իր հերթին, Լինդեն շեշտել է, որ ԵԱՀԿ-ն «կքննարկի, թե ինչ կարող է անել հակամարտության լուծմանը նպաստելու համար»: Նա նշել է, որ այս համատեքստում առաջնահերթությունն է համարում միջազգային իրավունքը, մարդու իրավունքները, հումանիտար իրավունքը, խաղաղությունն ու անվտանգությունը:
Ադրբեջանից հետո Լինդեն կժամանի Երևան: