Հայաստանի երեք քաղաքացիներ մի քանի տարվա դաժան շահագործումից հետո ազատ են արձակվել, իսկ նրանց ստրկության մեջ պահողներին սպառնում է 15 տարվա ազատազրկում:

Sputnik Georgia-ն, հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին, հայտնում է, որ սահմանապահ ոստիկանության աշխատակիցները Նինոծմինդայի մունիցիպալիտետի դատախազության ներկայացուցիչների հետ (Սամցխե-Ջավախեթիի շրջան) բերման են ենթարկել հայր ու որդու՝ մարդկանց առևտրի (թրաֆիքինգ) մեղադրանքով:

Քննության ընթացքում պարզվել է, որ ամբաստանյալները 2015-2016 թվականներին ՀՀ երեք քաղաքացիների խոստացել էին ապահովել աշխատանքային լավ պայմաններ ու լավ աշխատավարձ: Օգնել էին նրանց հավաքել անհրաժեշտ փաստաթղթերն ու տարել Վրաստան: Այնտեղ նրանց տեղափոխել էին Նինոծմինդայի շրջանի մի գյուղի մոտակայքում գտնվող անասնաբուծական ֆերմա: Տեղավորել էին գոմում, խլել բոլոր փաստաթղթերն ու վրեժխնդրությամբ սպառնալով՝ ստիպել անվճար աշխատել:

Բացի այդ, ամբաստանյալները սահմանափակել էին նրանց ազատ տեղաշարժը և մշտապես վերահսկել նրանց՝ տեսահսկման խցիկների միջոցով։

Ոստիկանությանը հանցագործության մասին հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ Հայաստանի քաղաքացիներից մեկին հաջողվել էր փախչել: Նրան բերման էին ենթարկել վրացի սահմանապահները՝ Հայաստանի հետ պետական ​​սահմանը հատելու փորձի ժամանակ:


Քրեական գործը հարուցվել է «Երկու կամ ավելի անձանց առևտուր, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ» հոդվածով: