ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման մասին տեղեկությանը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ ընտրությունները կօգնեն լիցքաթափել իրավիճակը երկրում, և արդյո՞ք ՄԱԿ-ը պատրաստվում է դիտորդական առաքելություն ուղարկել ընտրությունների ժամանակ, Դյուջարիկն ասել է.
«Ես տեղյակ չեմ՝ արդյո՞ք մենք ստացել ենք նման խնդրանք, թե ոչ: Մենք դիտորդներ չենք ուղարկում, սակայն, իհարկե, աջակցում ենք անդամ պետություններին, եթե նման խնդրանքով մեզ դիմեն իշխանությունները: Ես չունեմ որևէ մեկնաբանություն ընտրությունների անցկացման քաղաքական որոշման վերաբերյալ: Մենք միշտ կողմնակից ենք ընտրություններին, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել իրենց ապագայի մասին»,-ասել է ՄԱԿ-ի խոսնակը:
Նա նաև հավելել է, որ եթե նման խնդրանք ստացվի ՄԱԿ-ի անդամ որևէ երկրից, ապա այն անպայման կդիտարկվի: