Նոր իրավիճակը ենթադրում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համապատասխան նոր ռազմաքաղաքական դաշինքի ստորագրում, որը համարժեք է Հայաստանի ներկայիս իրավիճակին: Այս մասին մարտի 19-ին «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդիական հարցերը մեր ժամանակների սպառնալիքների եւ մարտահրավերների առջեւ» թեմայով քննարկման ժամանակ ասել է Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

ԲՀԿ-ն ողջունել է եռակողմ հայտարարությունը եւ երախտագիտություն հայտնել Ռուսաստանին, միաժամանակ դավաճանական փաստաթուղթ ու դավաճանություն համարել եռակողմ հայտարարությունն ու դրա ստորագրումը, այն դեպքում, երբ Պուտինը հայտարարել էր, որ ինքն է դրա հեղինակը, եւ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է: Իհարկե, այս զավեշտալի իրավիճակում միայն ԲՀԿ-ն չէր, այլեւ 17-ն ու նրանց հարող զանազան շրջանակներ:

Դրա պատճառը պարզ է բոլորին, ըստ այդմ էլ պետք է ենթադրել, որ ԲՀԿ-ն որպես երկարամյա քաղաքական փորձով կուսակցություն եւ խորհրդարանի մշտական երկրորդ ուժ՝ «Նիկոլ դավաճան, ադրբեջանա-թուրքական ագրեսիա-Ռուսաստանը փրկեց» եւ այս կարգի լոզունգներից բացի հասկանում է խնդիրը պատմական-քաղաքական-քաղաքակրթական ողջ խորությամբ ու մասշտաբով, առավել եւս այն բանից հետո, երբ Մոսկվան աստիճանաբար ինքն է խոստովանում ու բացահայտում Լավրովյան պլանի ու պատերազմի շատ հանգամանքներ՝ որոշակի ռիսկերից ապահովագրվելու համար: Ընդ որում, դա անում է առաջին դեմքերի մակարդակով: Դրանցից ամենակարեւորն, իհարկե, այն էր, որ Մոսկվան հրաժարվեց Հայաստանի հանդեպ պայմանագրային պարտավորություններից: Դա մտնում էր Լավրովյան պլանի եւ առավել լայն՝ ռուս-թուրքական համաձայնությունների տրամաբանության մեջ: Ընդգծենք՝ դա մենք չենք ասում, այլ Ռուսաստանի առաջին դեմքերը, հրապարակավ:

Դժվար է հավատալ, որ 17-ի կուսակցությունները, այդ թվում ԲՀԿ-ն, իրադարձությունների մասին պատկերացում են կազմում միայն զլմների քարոզչությունից եւ չեն հետեւում ՌԴ առաջին դեմքերի հայտարարություններին: Կամ գուցե հետեւում են ու չեն կողմնորոշվում, թե ինչի մասին է խոսքը: Բայց Հայրենիքի փրկության շարժում հռչակած ու վեհ առաքելություն ստանձնած ուժերը ենթադրվում է պետք է տիրապետեն ողջ պատկերին:


Ըստ այդմ, նախքան Ռուսաստանին նոր տիպի դաշինք ու հարաբերություններ առաջարկելը, պետք է պահանջներ դրվեն նրա առջեւ՝ 2020-ի, իսկ ավելի լայն կտրվածքով՝ 1921-ի հետեւանքները վերացնելու հարցում: Այլապես, առանց այդ պահանջների «Հայաստանի ներկայիս իրավիճակին համարժեք նոր տիպի դաշինքի» առաջարկը նշանակում է ընդունել Հայաստանի մասնատման հերթական ակտը եւ առաջարկել շարունակել 200-ամյա ցեղասպանության ու տարածքների կորստի քաղաքականությունը: «Նիկոլ դավաճանը» արդարացում չէ քաղաքական ուժերի՝ ազգային իրավունքներից ու պահանջներից հրաժարվելու համար:

 

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/19/628498/