ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի` օգոստոսի 13-ին աշխատանքային այցի շրջանակներում մեկնելու է Ադրբեջան: Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքում սպասվում է հինգ-վեց երկկողմանի պայմանագրի ստորագրում, այդ թվում նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Այս մասին փոխանցում է Риа Новости գործակալությունը:
«Ռուսական պատվիրակության կազմը նշում է, որ բանակցությունների ընթացքում ծրագրվում է քննարկել երկկողմանի հարցերի գրեթե ամբողջ համալիրը»,- այս մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նրա խոսքերով ռուսական պատվիրակության կազմի մեջ է մտնելու ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, ինչպես նաև ռուսական սպառազինության արտահանման պետական միջնորդ կազմակերպություն «Ռոսօբոռոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը, Կասպից ծովի հարցերով բազմակողմանի բանակցությունների ժամանակ ռուսական պատվիրակության ղեկավար Իգոր Բրատչիկովը, «Ռոսնեվտի» ղեկավար Իգոր Սեչինը և «Լուկոյլի» ղեկավար Վագիտ Ալեկպերովը:
Սպասվում է, որ նախագահները քննարկելու են նաև միջազգային և տարածաշրջանային կարևոր հարցեր, այդ թվում Կասպից ծովի իրավական կարգավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված խնդիրները:
Ինչպես նշել է Ուշակովը նախագահները չեն քննարկելու Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հարցը: