Հայաստանում ռազմական դրության ռեժիմը պետք է վերացնել: Այս մասին մարտի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին ռազմական դրության վերացման մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց նախաձեռնության հեղինակներից մեկը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նշենք, որ որոշման նախագծի տակ իրենց ստորագրություններն են դրել ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, այնպես էլ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները:

Պատգամավորի խոսքով՝ ռազմական դրությունը չի համապատասխանում երկրում տիրող իրավիճակին եւ մեծ խոչընդոտ է բոլոր քաղաքական գործընթացների համար: Այդպես, համարյա մեկ տարի երկրում հնարավոր չէ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնել:


«Հանրապետության համայնքներից մեկն արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ավագանի չունի»,- պարզաբանեց Մարուքյանը՝ հավելելով, որ այլ համայնքներում, օրինակ՝ քաղաքի ղեկավարի աթոռին, ժամանակավոր պաշտոնակատարներ են նստած, ովքեր, ըստ էության, չեն ընտրվել քաղաքացիների կողմից:

Նա նաեւ նշեց, որ երկրում նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, եւ այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է վերացնել ռազմական դրության ռեժիմը, որը մտցվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին: