Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին կսկսի պայքարը Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում: Առաջին տուրում Խոակին Կապառոսի գլխավորած թիմն արտագնա հանդիպում կանցկացնի եվրոպական ֆուտբոլի հետնապահներից Լիխտենշտեյնի հավաքականի հետ:

Դիմակայության պատմությունը


Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականները հանդիպել են չորս անգամ, բոլորը՝ վերջին տարիներին: 4 խաղերում հայկական թիմը տարել է 2 հաղթանակ, ևս 2 հանդիպում ավարտվել է ոչ ոքի: Ընդ որում՝ Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնին չի կարողացել հաղթել հյուրընկալվելիս:

Առաջին 2 հանդիպումները 2018 թվականին տեղի են ունեցել Ազգերի լիգայի առաջին մրցաշարում: Երևանյան խաղում դաշտի տերերը հաղթել են 2:1 հաշվով, իսկ Լիխտենշտեյնում գրանցվել է մարտական ոչ ոքի՝ 2:2:

Հաջորդ 2 խաղերը Եվրո-2020-ի ընտրական փուլում էին: Երևանում վստահ հաղթանակ 3:0 հաշվով, հյուրընկալվելիս՝ 1:1:

 

Դարձյալ առանց Մխիթարյանի, բայց հաղթողի տրամադրությամբ

Հայաստանի հավաքականին դարձյալ չի օգնի թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Իտալական «Ռոմայի» կիսապաշտպանը վնասվածքի պատճառով չի միացել ազգային թիմին: Իհարկե, Մխիթարյանի խաղամակարդակի ֆուտբոլիստի բացակայությունը զգալ կտա հետխորհրդային ցանկացած երկրի հավաքականում, սակայն Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի նախորդ հաղթական մրցաշարում ապացուցեց, որ կարող է լավ արդյունքի հասնել նաև առանց թիմի գլխավոր աստղի:

Հաշվի առնելով այն, որ Մխիթարյանը բաց է թողել Հայաստանի հավաքականի նախորդ 10 խաղերից 8-ը, իսկ ազգային թիմում անցկացրած վերջին 2 խաղերում (Վրաստանի ու Էստոնիայի դեմ), մեղմ ասած, չի ցուցադրել իր լավագույն որակները, նրա բացակայությունն ամենևին էլ դատավճիռ չէ Հայաստանի հավաքականի համար:

Հայաստանի հավաքականի կորուստներից նկատելի է նաև Արշակ Կորյանի բացակայությունը: Ռուսական «Խիմկիի» կիսապաշտպանը լավ տպավորություն թողեց Ազգերի լիգայում և կարող էր օգտակար լինել այս խաղերում: Ամենայն հավանականությամբ, չի խաղա նաև Հայաստանի հավաքականի ամենափորձառու խաղացողներից Գևորգ Ղազարյանը: Հունական «Լամիայի» 32-ամյա կիսապաշտպանը վերջին շրջանում վերականգնվում էր վնասվածքից և դեռ հասկանալի չէ, թե ինչ վիճակում է միացել հավաքականին: Թիմի մյուս բոլոր առանցքային ֆուտբոլիստները Խոակին Կապառոսի տրամադրության տակ են:

 

Բազմազանություն առջևի գծում

Վերջին տարիներին Հայաստանի հավաքականի գլխավոր հարձակվողն է դարձել «Արարատ-Արմենիայի» նորեկ Ալեքսանդր Կարապետյանը: Ազգերի լիգայի նախորդ մրցաշարում Հայաստանի հավաքականը խաղերին մոտենում էր միայն մեկ նոմինալ կենտրոնական հարձակվողով և 34-ամյա Կարապետյանը լիարժեք փոխարինող չուներ: Տևական ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականին միացել են արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և «Ուրարտուի» նորեկ Արթուր Միրանյանը: Այդ ցուցակում կարելի է ավելացնել նաև գերմանական «Հոֆենհայմում» վերջին շրջանում հազվադեպ խաղացող Սարգիս Ադամյանին: Այդ պայմաններում Խոակին Կապառոսը կարող է փորձարկել ինչպես 2 հարձակվողով խաղային սխեմա, այնպես էլ խաղերի ընթացքում թարմացնել հարձակման գիծը:

Նախորդ խաղերը

2020 թվականին անցկացված Ազգերի լիգայի երկրորդ մրցաշարում Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց պաշտոնական մրցաշարի խմբային փուլում: Գուցե Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում (Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Վրաստան, Էստոնիա) տարած հաղթանակը մեզ չտվեց աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ուղեգիր, սակայն այն պակաս կարևոր չէր՝ հատկապես այդ ծանր իրավիճակում: Վերջապես դարձյալ արթնացավ հավատը, որ մենք նույնպես կարող ենք հասնել հաջողության: Հաջող ֆուտբոլային տարվանից հետո Հայաստանի հավաքականը, միանշանակ, ավելի վստահ ու հաղթական տրամադրությամբ է մոտենում կարևորագույն փորձությանը:

Լիխտենշտեյնի հավաքականն Ազգերի լիգայի նախորդ մրցաշարում հանդես եկավ D դիվիզիոնի երկրորդ խմբում (Ջիբրալթար, Լիխտենշտեյն, Սան Մարինո), որտեղ 4 խաղերում տարավ մեկ հաղթանակ, կրեց մեկ պարտություն, գրանցեց 2 ոչ ոքի և 5 միավորով գրավեց երկրորդ տեղը:

Մրցակիցն ու ստադիոնը

Հանդիպումը կանցկացվի Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում, որը կառուցվել է 1998 թվականին և հյուրընկալում է 6100 հանդիսական: ՈւԵՖԱ-ի որոշմամբ, հանդիպմանը կարող են ներկա լինել ստադիոնի 30 տոկոս տարողության չափով երկրպագուներ: Հայաստանի հավաքականը նախկինում 2 անգամ խաղացել է «Ռեյնպարկում», սակայն Լիխտենշտեյնի նկատմամբ արտագնա հաղթանակի հասնել չի հաջողվել:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Լիխտենշտեյնի հավաքականը 181-րդ տեղում է (Հայաստանը 99-րդն է): Վերջին տարիներին Լիխտենշտեյնի հավաքականում տեղի է ունենում սերնդափոխության գործընթաց: Այս հավաքին ևս հրավիրվել են բազմաթիվ երիտասարդ խաղացողներ: Լիխտենշտեյնի հավաքականը նախորդ հաղթանակը տարել է 2020թ. հոկտեմբերին՝ ընկերական խաղում ուժեղ գտնվելով Լյուքսեմբուրգից (2:1):

Այս տարի Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել տեղացի 41-ամյա մասնագետ, նախկին ֆուտբոլիստ Մարտին Շտոկլազան, որը դրանից առաջ գլխավորել է նաև երկրի Մ-15, Մ-19 ու երիտասարդական հավաքականները։

Ծանր օրացույց

Բոլոր հավաքականներն աշխարհի առաջնության ընտրական փուլում կմեկնարկեն ծանր օրացույցով՝ 6 օրում անցկացնելով 3 հանդիպում: Լիխտենշտեյնի դեմ խաղից հետո Հայաստանի հավաքականը Երևանում կմրցի Իսլանդիայի (մարտի 28) և Ռումինիայի (մարտի 31) հավաքականների հետ: Համեմատաբար հեշտ մրցակցի դեմ մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը պետք է փորձի լուծել և խնդիր՝ հաղթել ու խնայել ուժերը հաջորդ խաղերի համար: Այս հավաքի համար ազգային թիմին միացած խաղացողների ցուցակը մարզիչին թույլ կտա կատարել որոշակի ռոտացիա, բայց, իհարկե, ոչ բոլոր խաղային դիրքերում:

Բուքմեյքերների կարծիքը

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Հայաստանի հավաքականին, որի հաղթանակը միջինը գնահատվում է 1.30 գործակցով: Դաշտի տերերի հաղթանակը ստացել է 10.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 5.00:

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, առաջին տուր

J խումբ

Լիխտենշտեյն – Հայաստան՝ 23:45 (Երևանի ժամանակ)

Գլխավոր մրցավար՝ Յուլիան Վեինբերգեր (Ավստրիա)

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան: