«Այն անձինք, ովքեր Ադրբեջանում ձերբակալվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո, որով դադարեցվում էր հակամարտությունը, չեն հանդիսանում ռազմագերիներ»։ - Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունն ի պատասխան «Human Rights Watch» (HRW)-ի հայտարարության, որ ռազմագերների հետ չեն վարվել Ժնեւյան կոնվենցիայի պահանջներին համապատասխան։


Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ այն մարդիկ, ովքեր Ադրբեջան են ուղարկվել Հայաստանի կողմից նշված եռակողմ հայտարարությունից հետո, ինչպես Բաքուն է նշում «ահաբեկչական եւ դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար համապատասխան միջազգային հումանիտար իրավունքի չեն հանդիսանում եւ չեն կարող հանդիսանալ ռազմագերիներ»։

Ստացվում է, որ նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ենթակա են լինելու քրեական պատասխանատվության ըստ Ադրբեջանի քրեական օրենսգրքի։ Ադրբեջանը նաեւ հայտարարել է, որ «վերադարձրել է բոլոր ռազմագերիներին»։