Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հարուցված քրեական գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի ներկայացրած կրկնակի փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդությունը բավարարվել է: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:
Փաստաբանը միջնորդել է կրկնակի փորձաքննություն նշանակել դեպքի վայրում հայտնաբերված գնդակի հետքերի առումով, քանի որ ըստ Ալումյանի կատարված փորձաքննության եզրակացությունը խիստ կասկածելի է: Բավարարվել է նաև փաստաբանի մեկ այլ միջնորդություն, որով նա խնդրել էր իրեն հնարավորինս մասնակից դարձնեն այդ փորձաքննությանը:
Ի դեպ փաստաբանը դիմել էր նաև ոստիկանապետին՝ ծառայողական քննություն կատարել համար՝ գտնելով, որ դեպքի օրը խուզարկությունը կատարվել է կոպիտ խախտումներով։ Ի պատասխան Հայկ Ալումյանի դիմումի՝ ոստիկանապետը գտել է, որ կոպիտ խախտում չի եղել:
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել էր, իսկ նրա եղբայր, գնդապետ Արտակ Բուդաղյանը և Ս.Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը ստացել հրազենային վնասվածքներ։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ և 235-րդ հոդվածնիերի 1-ին մասերով, համապատասխանաբար՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։
N զորամասի հրամանատար, գնդապետ Ա.Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել):