Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում մարտի 31-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ռումինիայի թիմին։

Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային հեռավար ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։


«Շատ տարբեր հավաքականներ են Իսլանդիան ու Ռումինիան։ Տեսանք, որ Իսլանդիան ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է, իսկ Ռումինիան շատ նման է մեր թիմին՝ խաղալով ուղղահայաց եւ բարձր արագությամբ։

Շատ լավ թիմ է, ունի երիտասարդ ֆուտբոլիստներ, շատ հստակ պատկերացնում են իրենց խնդիրները խաղադաշտում, մեզ շատ դժվար խաղ է սպասվում։

Ամեն խաղին մարտավարական դասավորությունն ընտրում ենք մրցակցին համապատասխան։ Ցանկանում ենք, որ մեր թիմն իրեն նույնականացնի որոշակի խաղային համակարգի հետ, սակայն դրա համար ժամանակ է պետք։ Բայց պետք է առաջին հերթին գոհ լինենք, որ ֆուտբոլիստները համապատասխան տրամադրված են»,- ասել է Խոակին Կապառոստ։

Հայաստան - Ռումինիա հանդիպումը տեղի կունենա մարտի 31-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն: