ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերը ղարաբաղյան պատերազմի դադարեցման գործում պարտավոր են հիշել բոլորը։

«Մենք հիանալի վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Դրանք ունեն շատ ու շատ ասպեկտներ, որոնք կարող են փոխշահավետ լինել։ Հայաստանի հետ նույնպես պատմական լավ հարաբերություններ են։ Մենք ունենք մեծ թվով ինտեգրացիոն գործընթացներ, որոնք զգալի օգուտ են բերում Հայաստանին։ Ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե ինչ է կատարվել․․․ Պուտինի անձնական դերը պատերազմի դադարեցման գործում պետք է հիշեն բոլորը», ասել է Պեսկովը «Արգումենտի ի Ֆակտի» թերթի հետ հարցազրույցի ժամանակ։

Ուշագրավ է «իսկ ինչ վերաբերվում է նրան, թե ինչ է կատարվելը․․․»: Կատարվել է անուրանալի անձնական դերը ոչ միայն պատերազմի դադարեցման, այլեւ պատերազմը նախաձեռնելու, հայերի հաղթանակը թույլ չտալու, կառավարելի զինատեսակներից անպաշտպան թողնվածներին ահռելի կորուստներ պատճառելը՝ ինչպես եւ 100 տարի առաջ, թուրքերի հետ Հայաստանը ոչնչացնելը:

Ուշադրության է արժանի նաեւ Ադրբեջանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված եւ հիանալի վստահելի հարաբերությունների եւ Հայաստանի հետ «նույնպես պատմական լավ հարաբերությունների» հիշատակումը, ավելի ճիշտ՝ տարբերակումը, որը ոչ այլ ինչ է, քան հաստատումն այն իրողության, որ հայ-ռուսական ստրատեգիական դաշնակցային-իրավապայմանագրային բազան ընդամենը մակուլատուրա էր, որը դեն է նետվել 2020-ի աշնանը:

Հիմա մակուլատուրայի եւ մետաղի ջարդոնի նոր տոննաներ են փաթաթվում հայերի վզին նոր կորուստներ ապահովելու համար:

Հայաստանի ուղղությամբ աշխատող Կրեմլի նախագծողները պարբերաբար կրկնում են, որ Պուտինը Լենին չէ, Էրդողանն էլ՝ Աթաթյուրք: Վերլուծաբան Պավել Դալլաքյանի խոսքով, «Լենին-Ստալինի օրոք ոչ ոք չէր համարձակվում ասել, թե Լենինը փրկեց հայերին Մուստաֆա Քեմալից: Ընդհակառակը, ասում էին, որ հայերը զոհաբերեցին Արեւմտյան Հայաստանը հանուն համաշխարհային հեղափոխության, այն էլ ժամանակավորապես, 25 տարով: Մեդվեդեւի ականջը կանչի՝ Արցախի անորոշ ժամանակով հետաձգված ստատուսի կապակցությամբ»:

 
Վերլուծաբանը շրունակում է. «հիմա արդեն ասում են, որ Լենինը 1921-ին փրկեց Հայաստանը կործանումից: Դա արվում է, որպեսզի անմիջապես ասվի՝ Պուտինը փրկեց հայերին բարեկամ ազգի կողմից ոչնչացումից: Այսպիսի մետամորֆոզը վկայում է երկու բան: Ցավալի է նման բան տեսնել սանիկներից, բայց նախ հայերին անհույս ապուշի տեղ են դրել եւ երկրորդը՝ գործը, ըստ երեւույթին, ավարտված չէ. Պուտինը դեռ շարունակելու է փրկել, հավանաբար, մինչեւ վերջնական փրկություն»:

Այո, ոչ ոք չի մոռացվել եւ ոչինչ չի մոռացվելու, թող խաղաղվի Պեսկովի միտքն ու նինջը:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/30/630829/