«Առավոտ»-ը գրում է. «Երկու ամիս առաջ աղմկահարույց մի փաստ գրանցվեց Շիրակի մարզում. Բայանդուրի ԲՀԿ-ական գյուղապետ Հովակիմ Սարգսյանը, որն այդ պաշտոնին անցել էր դաժան մրցակցության արդյունքում` հրաժարականի դիմում ներկայացրեց, պատճառաբանեց, որ վատառողջ է ու ընտանիքը վերցնելով` մեկնեց Ռուսաստան: Երեկ համայնքապետի ընտրություններ տեղի ունեցան այս աղքատ ու անհրապույր գյուղում: Ինչպես «Առավոտ»-ը տեղեկացել է Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության տեղական ինքնակառավարման հարցերով վարչության պատասխանատու Ռուբիկ Հարությունյանից, այստեղ գյուղապետ է ընտրվել ՀՀԿ-ական Դավիդ Դավթյանը (նրա անվան վերջնատառը անձնագրում գրված է դ-ով):
Հետաքրքիրն այն է, որ Դավիդ Դավթյանը բնութագրվում է որպես «սովորական տղա», որը նախկինում միշտ արտագնա աշխատանքի է գնացել, սակայն վերջին տարիներին գյուղապետ ընտրվելու մտադրությամբ, վերադարձել է գյուղ: Նա երկու տարի առաջ ևս առաջադրեց իր թեկնածությունը գյուղապետի պաշտոնում ու չնայած նրան սատարում էին Բայանդուրի բոլոր նախկին գյուղապետերը, այդուհանդերձ նա պարտվեց ԲՀԿ-ական Հովակիմ Սարգսյանին: Ինչևէ, Ռուսաստան մեկնած Հովակիմ Սարգսյանի թափուր թողած պաշտոնի համար այստեղ պայքարում էին երկու թեկնածուներ` ԲՀԿ-ական Խորեն Սմբատյանը, որը Հովակիմ Սարգսյանի տեղակալն էր, և ՀՀԿ-ական Դավիդ Դավթյանը: Վերջինս հավաքել է 180 ձայն, իսկ ԲՀԿ-ական թեկնածուն` 128 ձայն: Ընտրություններին 535 ընտրողից մասնակցել է 316-ը, 8 քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր: Ըստ մարզպետարանի աշխատակիցների, ընտրությունները անցել են հանգիստ մթնոլորտում, առանց արտառոց միջադեպերի, սակայն մրցակցային, ակտիվ պայքար է ծավալվել:
Բողոքներ, դիմումներ չկան ուղղված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, ավելին, իր պարտության լուրը իմանալուն պես ԲՀԿ-ական Խորեն Սմբատյանը գնացել ու շնորհավորել է հաղթած ՀՀԿ-ականին: Ի դեպ, քանի որ վերջինիս պաշտոնը հայեցողական է, նա ըստ ՏԻՄ օրենքի, մեխանիկորեն դադարում է համայնքապետի տեղակալի իր լիազորությունները. նոր գյուղապետը կորոշի` ում նշանակի: Նշենք, որ այս տեղանքում գյուղապետ դառնալը հերոսություն է, քանի որ գյուղը թաղված է բազմաթիվ խնդիրների մեջ. չկա ջրամատակարարում, գազ, հեռախոսակապ, երեխաների թիվը նվազում է, արտագաղթը մեծ է, իսկ համայնքի բնակիչների 10 տոկոսը ունեն բարձրագույն կրթություն, լավ մասնագետներ են, սակայն հավերժ գործազուրկներ են»: