Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղյակ չէ, թե արդյոք ՊՆ-ն զեկուցել է պետության ղեկավարին այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները «Իսկանդերի» բեկորներ են հայտնաբերել Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Պեսկովը հիշեցրել է, որ «Իսկանդեր» հրթիռներ չեն կիրառվել 2020 թվականի աշնանը հակամարտության ժամանակ: «Դա (կիրառման բացակայությունը) հաստատվել է», ասել է նա՝ հավելելով, որ Կրեմլը տեղեկություն չունի, թե դրանք ինչ բեկորներ են:


Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտարարել էր, թե իրականացված որոնողական գործողության ընթացքում Շուշիում մարտի 15-ին հայտնաբերվել են պայթած երկու հրթիռի բեկորներ։ Հրթիռի նույնականացման համարը (9M723) ստուգելու ընթացքում պարզվել է, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համակարգին, հայտարարել էր ANAMA-ի ներկայացուցիչը: Իսկանդերի բեկորներն այսօր ցուցադրության են դրվել Բաքվում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ կիրառված Իսկանդերը չի պայթել, կամ պայթել է 10 տոկոսով։ Ռուսական կողմը կոշտ արձագանք էր տվել դրան, իսկ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, թե Իսկանդեր չի կիրառվել: ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը հաստատել էր Բաքվի ղեկավար Ալիեւը:


Իսկանդերի սկանդալին հետեւեց ռուսական մետաղի ջարդոնի 3 միլիարդանոց նոր ծրագիրն ու հայ-ռուսական համատեղ զորախմբին Հայաստանի անվտանգությունը պատվիրակելը:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/02/631717/