«Ժողովուրդ»-ում կարդում ենք.«Օգոստոսի 11-ին Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի սկզբնամասում գտնվող «Իմպերիա» ռեստորանային համալիրում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, իսկ ավելի ուշ հնչել են կրակոցներ: Այդ ռեստորանը պատկանում է Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Վլադիմիր Գրիգորյանի որդուն և ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է դատավորը, իր տղան անձամբ է զանգահարել ոստիկանություն ու հայտնել ռեստորանում տիրող իրավիճակի մասին:

-Պարոն Գրիգորյան, լուրեր կան, որ «Իմպերիա» ռեստորանային համալիրը պատկանում է Ձեզ, և օգոստոսի 11-ին լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել:
-Դա իմ տղայինն է, իմը չէ: Եվ երկրորդն էլ, ամենայն անկեղծությամբ պետք է ասեմ, որ այնտեղ ոչ կրակոց, է եղել, ոչ էլ դանակահարություն: Պարզապես ներկաներից մեկը ծաղկամանը վերցրել, տվել է մյուսի գլխին: Պահանջել եմ, որ ոստիկանությունը գա ռեստորան, տեղզննություն անի, և մեղավորներին բոլորին դատեն օրենքի խստությամբ:

-Ձեր որդին, այս միջադեպի հետ կապ չունի՞
-Ոչ, այս ամենն իմ տղայի սպասարկման և այլ բաների հետ որևէ կապ չունի: Կարող եք զանգահարել դատախազին, ոստիկանապետին, և իմ «ֆակտորն» իզուր թող չարաշահեն, և այս ամենը բոլոր տեղերում էլ կարող է պատահել:

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, դեպքը տեղի է ունեցել ժամը 21:30-ի սահմաններում: Ըստ այդմ, ռեստորանում միջոցառման մասնակիցները 1982թ. ծնված Կարեն, 1988թ. ծնված Դավիթն ու ոմն Գագիկ վիճաբանության մեջ են մտել Կորյունի հետ: Տղաները 20-25 րոպե ռեստորանում խուլիգանական հայհոյանքներ են հնչեցրել, փոխադարձ հարվածներ են հասցրել, ապա վիճաբանությունը շարունակվել է միջոցառման մյուս մասնակիցների միջև: