Քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած ակտիվիստները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Հաշվի առնելով եղանակային պայմանները և մեր առողջական վիճակը, ելնելով խաղաղ հավաքներ անցկացնելու մեր սահմանադրական իրավունքից և այդպիսի հավաքների անցկացման ժամանակ մասնակիցների համար բարենպաստ պայմաններ ապահովելու` պետության պարտավորությունից, հայտարարում ենք, որ ներկա պայմաններում մեր կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգից՝ արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանվելու համար նպատակահարմար ենք գտնում այսօր, ժամը 14:00 տեղադրել հովանոց: Հայտնում ենք ոստիկանությանը, որ դրանով չենք խոչընդոտելու այլոց ազատ տեղաշարժի իրավունքը, չենք խաթարելու պետական կամ այլ մարմինների անխափան գործունեությունը, հասարակական կարգը:

Առաջնորդվում ենք ՀՀ Սահմանադրության 38 հոդվածով մեզ տրված իրավունքով՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»,- ասված է ակտիվիստների տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ ակտիվիստները փորձել էին վրան տեղադրել, ինչը թույլ չէր տրվել: Նրանք նաև դիմել էին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Օմբուդսմենը պաշտոնական գրություն էր ուղարկել ոստիկանապետին: Պաշտպանը շեշետել էր, որ «կիզիչ արևին մեկ հովանոցի տեղադրումը թե իրավական է, թե մարդասիրական»: