Պուտին-Փաշինյան հանդիպումից առաջ ՌԴ նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիեւի հետ: Փաշինյանի հետ, ըստ Կրեմլի կայքի, քննարկվել են եռակողմ հայտարարության կատարման ընթացքը եւ հաղորդակցությունների բացման հարցը: Ալիեւի հետ զրույցում Պուտինն, այդ հարցերից բացի, ընդգծել է Ռուսաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը շարունակելու հաստատակամությունը:
Ալիեւը հայտարարել է նաեւ հավակնությունը Զանգեզուրին, եւ որ այդ տարածքը շուտով միավորելու է թյուրքական աշխարհը: Իսկ Պուտին-Փաշինյան հանդիպման պաշտոնական հաստատման նախօրեին վերակենդանացրեց Ղարաբաղում Իսկանդերի կիրառման սկանդալային պատմությունը: Այս իրադարձությունների շարքում պետք է նշել նաեւ Հայաստանի կառավարությունից տարածվող շշուկները գերիների մի մասին ազատ արձակելու եւ մոսկովյան հանդիպմանը պրեֆերենցիաների խոստումներ հնարավորության վերաբերյալ:
Ակնհայտ է, որ գործ ունենք այսպես կոչված միջանցքների հարցի շուտափույթ լուծման հետ: Այս շտապողականությունը կապված է ԱՄՆ հնարավոր քայլերին՝ Ռուսաստանի ու Թուրքիայի հանդեպ Վաշինգտոնի կոշտ քաղաքականության ու Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության համատեքստում: Իր հերթին, Բաքուն Մոսկվայի դեմ ճնշման փորձեր է կիրառում մասնավորապես խաղաղապահների անորոշ կարգավիճակի ու Իսկանդերի, առավել լայն՝ պայմանավորված պատերազմի հանգամանքները բարձրաձայնելով (տես այստեղ եւ այստեղ):
Լուծեք Հայաստանի հարցերը մեր պայմանավորվածության համաձայն, Մոսկվային ասում է Բաքուն: Իր հերթին, Անկարան հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կդառնա «Կովկասում նոր կարգի հաստատման սաբոտաժ» ԱՄՆ-ի կողմից: Կովկասում նոր կարգը Հայաստանի դեմ ռուս-թուրքական համաձայնություններն են:
Հայաստանից ազգային իրավունքների ու պահանջների իսպառ բացակայությունը կանաչ լույս է ռուս-թուրքական տանդեմի ծրագրերի համար: Նիկոլ-ՀՓՇ կամ պայմանական Քոչարյան ներքին «դիմակայությունը» եւ այսպես կոչված արտահերթ ընտրությունների կոնսենսուսը պայքար է ռուսական լափամանից բաժին ու ուչաստկովիի յառլիկ ստանալու համար՝ Մոսկվայի ողորմածությամբ՝ ազգային իրավունքներից հրաժարվելու դիմաց: Դրա դիմաց սպասվող խոստումները չեն կատարվելու, ավելի ճիշտ՝ Հայաստանի վզին է փաթաթվելու չթռչող, չպայթող ու չորսացող մետաղի ջարդոնի նոր խմբաքանակը՝ «բանակի արդիականացման ու անվտանգության նոր համակարգի կառուցման» անվան տակ: