Ներկայումս իրականացվում է տարեկան ծրագրով հրդեհային եւ տեխնիկական անվտանգության վերաբերյալ ստուգում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Քաղաքաշինության եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը:

«Ստուգումը սկսվել է մարտի 9-ին, ավարտվել է մարտի 16-ին, այս պահին իրականանում է փաստաթղթաշրջանառության գործընթաց: Ստուգման ընթացքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության վերաբերյալ խախտումներ, որոնք արձանագրված են, կետերը բավական շատ են: Խախտումների կոնկրետ կետերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ համապատասխան մարմնին դիմելով: Հրդեհի պատճառների մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ հետաքննություն է կատարվում, արդյունքների մասին լրացուցիչ համապատասխան մարմինը կտեղեկացնի»,-ասաց նա:


Հարցին, թե ինչ աշխատանքներ է այստեղ կատարում իրենց տեսչկան մարմինը, Կարապետյանը պատասխանեց. «Իրականացվում է ուսումնասիրություն դեպքի վայրի վերաբերյալ, ընդհանուր համապատասխան արձանագրություն է ներկայացվում, որ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, ինչ վնասների մասին է խոսքը»:

Նշենք, որ այս պահին որոշ տաղավարներից դեռեւս ծուխ է դուրս գալիս: Տոնավաճառի տաղավարների աշխատողներն իրենց իրերն են հավաքում, այն, ինչ մնացել է հրդեհից հետո: Նրանցից մեկն ասաց, որ առավոտյան ժամը 5-ին են տեղի հրեւանները տեղեկացրել իրեն եւ ինքը արագ եկել է. «Դեռ ոչինչ չենք կարող ասել, թե ինչքան կորուստ ունենք, վերջնահաշվարկ չենք կատարել: Երեկ տուն գնալու ժամանակ ամեն ինչ նորմալ է եղել»:

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց. «Երկու հարկանի խանութը հալվել թափվել է, անգամ սյուներն են հալվել: Վաճառում էինք գրենական պիտույքներ, խաղալիքներ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 03:07-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող «Սուրմալու» Երևանի պահածոների գործարանից։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ)։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, ավտոսանդուղք։ Ավելի ուշ դեպքի վայր է մեկնել եւս 8 մարտկան հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով: Դեպքի վայրում է եղել գտնվել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: