Հնդկաստանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Չինաստանի հետ ռազմական դաշինքի մասին խոսք չկա: Մինչ Դելի ժամանելը նա եղել էր Պեկինում, ոգեւորված խոսել Չինաստանի օրինակով եւ օգնությամբ Արեւմուտքի հնարավոր սպառնալիքները հաղթահարելու մասին:
Արեւմուտքի հետ սրացման հերթական փուլերում Ռուսաստանը միշտ «վազում է» Պեկինի մոտ եւ սպառնում ինչ որ դաշինքներով: Պեկինը սովորաբար քաղաքավարի ժպտում է, քանի որ վաղուց լուրջ չի ընդունում Ռուսաստանին, որը վերջին տարիներին վերածվել է Չինաստանի հումքային կցորդի: Ռուսաստանը հսկայական տարածքներ է զիջել Չինաստանին, պարտքերի դիմաց գրեթե անվճար էներգակիրներ, փայտանյութ եւ այլ հումք է մատակարարում Չինաստանին, ռուսական հեռավոր Արեւելքը Չինաստանի դեմոգրաֆիական եւ այլ խնդիրների լուծման տարածքն է դարձել:
Լավրովի այցն այս անգամ համընկել է Ուկրաինայի շուրջ լարվածությանը: Արեւմուտքն անվերապահ աջակցություն է հայտնել Կիեւին: Այս անգամ, սակայն, ռուս փորձագետները նկատել են, որ Պեկինը սովորականից տարբեր խրախուսանքով է արձագանքել Արեւմուտքի դեմ Ռուսաստանի հայտարարություններին ու մասնավորապես Ուկրաինայի դեմ ռազմական հնարավոր գործողություններին, որի հետ Չինաստանը տնտեսա-քաղաքական պայմանագրային լուրջ բազա ունի: Փորձագետները եզրահանգել են, որ Չինաստանին հնարավոր է ձեռնտու է ռազմական բախումն Ուկրաինայում, որն ավարտվելու է Ռուսաստանի հերթական աշխարհքաղաքական պարտությամբ: Ենթադրվում է, որ դրանից հետո ցնցումներ ու քաոս կառաջանան Ռուսաստանում, եւ Չինաստանը «ՌԴ արեւելքում բնակվող միլիոնավոր հայրենակիցների անվտանգությունը պաշտպանելու» պատրվակով (նմա՞ն է Ռուսաստանի հռետորաբանությանը Ղրիմում ու Դոնբասում) կարող է որոշակի քայլերի դիմել, իրականացնելով Բայկալը միացնելու Մաոյի երազանքը:
Հետաքրքիր վարկած է: Փոխարենը, բավական իրական է Թուրքիայի շահագրգռությունը Ուկրաինայում բախման կապակցությամբ: Ղարաբաղում հաջողությամբ փորձարկված զինատեսակներն ու մարտավարական սխեմաները փոխանցվում են Ուկրաինային, բախման պարագայում բացվում է Թուրքիայի ճանապարհը դեպի Ռուսաստանի հարավ եւ Ուկրաինա: Թեմայի մասին մանրամասն՝ այստեղ:
Լրագիրը բազմիցս անդրադարձել է հարցին, որ Թուրքիայի հետ Հայաստանի դեմ «բարդ օպերացիա» իրականացրած Ռուսաստանը չափազանց թանկ է վճարելու դրա դիմաց: