Ճիշտ չէ մտածել, որ եղածները վատն են, բայց եթե նրանք գնան, կարող է ավելի վատերը գան. այդպես ոչ մի տեղ չենք հասնի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Իրենք վատն են, նրանք էլ են վատը, դրա համար ընտրեք մեզ: Ի՞նչ կա էդտեղ: Անընդհատ ասել՝ դու ընտրություն չունես, սեւ ու սպիտակի մեջ դնել, ասել նրանցից մեկին ընտրի... այս երկրում արդեն սեւ ու սպիտակ էլ չկա, արդեն սեւ ու սեւ է: Սպիտակը վաղուց սեւացել է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է մոտեցմանը, թե այս անգամ լինելու է գելխեղդների հաղթանակը գելերի նկատմամբ, Մարուքյանն ասաց. «Այս ընտրությունը լինելու է շատ մեծ անակնկալ, գելխեղդներն ու գայլերը իրար հետ հեռանալու են, նախ՝ գելխեղդները «ֆեյք» են, իրանց մեջ գելխեղդ չկա, գայլերն էլ մի նենց գայլեր էլ չեն, երկուսն էլ հեռանալու են եւ գալու են նորմալ մարդիկ, որոնք երկիրն այս իրավիճակից հանելու են, օրինակ՝ իմ նման մարդիկ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պայմանավորվածությունը խախտելու հնարավորությանը, Էդմոն Մարուքյանն ասաց.«Ամեն ինչ հնարավոր է, Փաշինյանից ամեն ինչ կարելի է սպասել: Ճգնաժամը կլուծվի, եթե այս իշխանությունը հեռանա, ոչ թե հեռանա, որ նախկին իշխանությունը գա, այլ հեռանան բոլորվ»,-հավելեց նա: