«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը բացել է հերթական գրասենյակը, այս անգամ՝ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում:
Ընդհանրապես, վերջին շրջանում այս կուսակցությունն առավել ակտիվացրել է իր գործունեությունը՝ նոր գրասենյակներ են բացվում հանրապետությունով մեկ, մարզային այցեր են իրականացվում, տարածքային կառույցները կազմակերպում են տարաբնույթ միջոցառումներ, հանդիպումներ:
Իհարկե, «Հայրենիք» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ անցկացվելու դեպքում մասնակցելու են դրանց, սակայն դեռեւս հստակ չէ՝ ինչ ձեւաչափով են մասնակցելու՝ առանձի՞ն, թե՞ այլ կուսակցությունների հետ դաշինքով: Այս առումով տարբեր տեղեկություններ են շրջանառվում:
Բայց եթե հաշվի առնենք կուսակցության մեծ ակտիվությունը, ինչպես նաեւ, ինչպես նշեցինք, նորանոր գրասենյակների բացումը, ինտենսիվ հանդիպումները բնակչության հետ, կարծիք կա, որ նրանք մեսիջ են ուղարկում քաղաքական դաշտին, որ ունակ են նաեւ միայնակ մասնակցել ընտրություններին»: