Երեկ ուշ երեկոյան կրակոցներ են հնչել Երևանում: Չարբախ թաղամասի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ քաղաքացիները ստացել են հրազենային և սուր, կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած վնասվածքներ: Այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը ստեղծել են օպերատիվ-հետախուզական խմբեր և պարզում են, թե որ հիվանդանոցներ են տեղափոխվել վիրավորները:
Կայք տեղեկություններով՝ կրակոցները տեղի են ունեցել Կարմիր բլուր գերեզմանի մոտ գործող սգո սրահներից մեկի դիմաց և այս պահին նշված վայր է ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը:
Վարկածներից մեկով՝ այս կրակոցները կապ ունեն ամիսներ առաջ Երևանի Մայիսի 9-ի փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ:
Այս պահին Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Մելիք Սոֆոյանի գլխավորությամբ, դեպքի վայրի զննություն են կատարում, որտեղ հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ և արնանման հետքեր:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նաև Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր, վարորդի նստատեղի վրա հայտնաբերվել է կրակված գնդակ:
Կայքի տեղեկություններով՝ Mercedes–ի վարորդը ոչ մի կապ չունի նշված միջադեպի հետ, նա եկել է իր հարազատի հոգեհանգստի արարողությանը: