Հաղթանակս մեր հերոսներինն է, բոլոր մեր եղբայրներինը, որոնք իրենց կյանքը չխնայեցինք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու համար: Այսօրվա մրցահարթակի պայքարն ավելի պարտավորեցնող էր, որովհետեւ անպայման պետք է հաղթեինք ու ապացուցեինք՝ մենք ուժեղ ազգ ենք:
Այս մասին ասաց ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Սամվել Գասպարյանը:
Մոսկվայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 102 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը երկամարտի 390 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը: Փոխչեմպիոն դարձավ Արսեն Մարտիրոսյանը՝ 380 կգ, երրորդ տեղում Ադրբեջանի ներկայացուցիչ Դադաշ Դադաշբայլին էր երկամարտի 379 կգ արդյունքով:
Տպավորիչ ստացվեց այս քաշային կարգի պարգեւատրման արարողությունը եւ դրոշների դասավորությունը, որը մեծ աժիոտաժ է առաջացրել սոցցանցերի հայկական տիրությում: Սամվել Գասպարյանի ու Արսեն Մարտիրոսյանի գլխավորությամբ Հայաստանի երկու դրոշները ծածանվեցին Ադրբեջանի դրոշից բարձր:
Սամվել, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ: Սպասվա՞ծ էր:
Շնորհակալ եմ: Այո, այս հաղթանակը սպասված էր: Մեծահասակների մակարդակում սա իմ առաջին ոսկե մեդալն էր: Վստահ էի, որ կարողանալու եմ Եվրոպայի այս առաջնությունում ոսկե մեդալ նվաճել: Շատ լավ էի պատրաստվել, երկու տարի այս օրվա համար էի պատրաստվել, հոգեբանորեն նույնպես պատրաստ էի ամենաբարձր կիլոգրամները բարձրացնելուն: Այն, որ այսօր ինձ հետ միասին պատվո հարթակին կանգնեց նաեւ Արսեն Մարտիրոսյանը, հաղթանակից վեր էր: Ոչինչ չէր կարող խանգարել, որ մենք ցույց տայինք հայի ուժը մրցահարթակում:
Պոկում վարժության երրորդ մոտեցումը չստացվեց, ի՞նչը խանգարեց:
Չգիտեմ, չստացվեց, բայց գիտեի, որ հրում վարժությունում գերազանցելու եմ բոլորին: Հրում վարժության երրորդ մոտեցմանը չմոտեցա, որովհետեւ այլեւս կարիք չկար: Մարզիչների հետ որոշեցինք, որ արդեն հաջորդ բարձր քաշը թողնենք աշխարհի առաջնության համար եւ բավարարվենք 214 կգ-ով:
Բաթումիում քեզ ի՞նչն էր պակասում այս արդյունքն ունենալու համար:
Բաթումիի Եվրոպայի առաջնությունում ժամանակս էր քիչ լիարժեք այսպես պատրաստվելու համար: Վիրահատությունից հետո չէի հասցրել կատարյալ մարզավիճակ ձեռք բերել: Բացի այդ, Բաթումիում հոգեբանորեն պատրաստ չէի լինել չեմպիոնության համար պայքարում, լարվածությունը խանգարեց ինձ այնտեղ: Օրինակ՝ հիշում եմ, որ Բաթումիի նախապատրաստական փուլում ամեն օր ինքս ինձ ու մարզիչներին համոզում էի, որ ամեն ինչ լավ է: Բայց փաստացի ֆիզիկապես պատրաստ չէի այնպես, ինչպես այսօր: Այսօր ես յուրաքանչյուր վարժությանը մոտենում էի շատ վստահ ու գիտեի, որ իմ ուժերի սահմաններում է, եւ ես կարող եմ ու դեռ ավելին:
Ադրբեջանցի մրցակցին հետ թողեցիր 11 կգ-ով…
Իրականում, ինձ համար երբեք նշանակություն չի ունեցել, թե ինչ ազգի ներկայացուցիչներ են մրցակիցներս: Բայց այսօր իմ ու Արսենի հաղթանակը կրկնապատկվեց դրոշային այդ պատկերով, ուրախացրեց:
Ի՞նչ հույզեր ունեիր այդ պահին, երբ հետեւում էիր դրոշների բարձրանալուն:
Հպարտություն էի զգում: Միայն ուրախության զգացումներ էին պատվո հարթակին ու հիմա էլ, որ երկու հայով ադրբեջանցուն հաղթեցինք ու մեր հիմնը հնչեց: Հաղթանակիս համար շնորհակալ եմ անձնական մարզիչիս՝ Հարություն Եղոյանին, հավաքականի մարզչական կազմին ու բոլորին, ովքեր այսօր ուրախացան մեզ հաղթանակով: Հատուկ ուզում եմ շեշտել, որ այս հաղթանակը մեր հերոսներինն է: Հաղթանակս նվիրում եմ բոլոր մեր եղբայրներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու համար: Այսօրվա մրցահարթակի պայքարն ավելի պարտավորեցնող էր: Պետք էր հաղթել, որ ապացուցվեր՝ մեր ազգն ուժեղ է:
Լուսինե Շահբազյան
Սամվել Գասպարյանը 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր է: 2016 թվականին Թբիլիսիում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է 4-րդ տեղը երկամարտի 359 կգ արդյունքով: 2016 թվականին Իսրայելում կայացած Եվրոպայի Մ-20 առաջնության բրոնզե մեդալակիր է 346 կգ արդյունքով: 2017 թվականին Եվրոպայի մեծահասակների առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 375 կգ երկամարտի արդյունքով:
2019 թվականին Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Գասպարյանը երկրամարտի 377 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ, իսկ աշխարհի առաջնությունում երկամարտի 390 կգ արդյունքով 5-րդն էր: Թաիլանդում տեղի ունեցած աշխարհի առաջնության հրում վարժության ընթացքում ստացած վնասվածքը Սամվել Գասպարյանին խանգարեց պայքար մղել չեմպիոնության համար: Պոկում վարժությունում նա 10 կգ-ով գերազանցեց Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքը և, բարձրացնելով 178 կգ, նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
2019 թվականի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Սամվել Գասպարյանը չեմպիոն հռչակվեց։ 109 կգ քաշայինների պայքարում նա երկամարտում հավաքեց 390 կգ։