Կա արդյոք նախկին ԽՍՀՄ որեւէ արվարձան, ուր երիտասարդությունը կառչած լինի խորհրդային կարծրատիպերից եւ, հետեւաբար, ռուսապաշտությունից: Այդպիսիք չկան: Այս իրողության գիտակցությունը առկա էր ռուսական փորձագիտական հանրության մեջ դեռեւս ռուս-վրացական 2008 պատերազմից, մինչդեռ հայկական էլիտաները շարունակում էին իրենց համար նյութապես թովչալի հետխորհրդային դրեյֆը դեպի երկրի չգոյություն: Նրանք այդպիսինը միակն էին արվարձաններում: Ինչպես վարվել հիմա

Շուրջ մեկ տասնամյակ Կրեմլին կոչ է արվել դադարեցնել Իմպերիայի ետխորհրդային փտած էլիտաներին «տիրություն» անելը եւ կամուրջներ գցել դեպի ազգային աճող սերունդ: Մենք նույնպես մասնակցում էինք նման կոչերին, հույս ունենալով, որ ռուսական քաղաքականությունը այդ ուղու վրա ստիպված կլինի առնչվել ՌԴ համար դառը իրողությանը եւ որոշակի փոփոխության կենթարկվի: Այդ թվում, կհրաժարվի Հայաստանի եւ հայերի հանդեպ 200-ամյա «մատաղացույի բուծարան» քաղաքականությունից:


Այս կոչերի պատասխանը եղավ Ղրիմն ու Դոնբասը, Ապրիլ 2016-ը եւ Սեպտեմբեր 2020-ը: Ապրիլ 2018-ը նույնպես այդ շարքից էր: Պատասխանը հստակ էր. ներկայիս ռուսական էլիտան իր համար կենսական հայկական ուղղության վրա առաջնորդվելու է երկդարյան ավանդական ազդակներով: Ճշմարիտ է նաեւ, որ Հայաստանը նույնպես ռռւսներին փոփոխությունների տրամադրող որեւէ քայլ չարեց: Հնարավորությունները չօգտագործվեցին: «Հակառուս» Ցյուրիխն ու «ռուսամետ» Սիրիան հայերի ստրատեգիական մտահորիզոնից անսահման հեռու էին գտնվում: Սա չափազանցություն է, անշուշտ: Ցավոք, հայկական ռազմավարական հորիզոնը համընկնում է առանձնատան, խանութի կամ ռեստորանի պարագծի հետ:

Այսպիսով, եթե Սարգսանի վարչախումբը ընդամենը չեզոք էր ռուսների հանդեպ, ապա Փաշինյանը անցավ քաոտիկ ջղաձգումների, որոնք համոզեցին Մոսկվային մի բանում, որով նա ուզում էր համոզված լինել դեռեւս 2015-ից. հայերը պիտի շարունակեն «մատաղացուի» իրենց առաքելությունը: Հայերի կրավորական կեցվածքին հակառակ, թուրքական կողմը գերակտիվ էր: Որպեսզի հստակ երեւա մոտեցումների բովանդակային անհավասարությունը, պատկերացնենք, որ Սերժ ու Նիկոլի քյաբաբ բուրող Երեւանի ախոյանը պարոնայք Բայրաղտար ու Էրդողանի Թուրքիան էր, իսկ «մարզ թե անկախություն» գուշակող Ստեփանակերտինը՝ Լորաներով եւ Հարոպներով զինվող Բաքուն: Ի՞նչ էինք սպասում Մոսկվայից:

Մոսկվայից ստացված հստակ պատասխաններից հետո ռուսների հետ հույս կապելը մտային խեղում պիտի համարվի, ինչի ականատեսն ենք հիմա: Ռուսահայաստան այլեւս չկա, այն սպանվել է 2020-ի աշնանը: Մինչդեռ Երեւանի էլիտան շարունակում է Ռուսահայաստանի դին փայլաթիթեղի ծաղիկներով զարդարել: Գալիք ընտրությունները, եթե կայանան դեսպան Կոպիրկինի գծած ծրագրով, հստակ ցույց են տալու պատկերը: Բացի ցուցակ-ցուցակ, կոալիցիա-կոալիցիա, կառավարություն-կառավարություն մանկական խաղերից այլ բան չի լինելու: Խեղկատակությունը տեւելու է մինչեւ նոր պատերազմ եւ հարց առաջացնի՝ բա մեր բանա՞կն ուր է:

Մեռած Ռուսահայաստանի, որն ամոթխած անվանում են «երրորդ հանրապետություն», թատերաբեմում հնարավոր է խաղալ միայն տրագիկոմեդիա: Հետագա կորուստներից խուսափելու համար նաեւ մտային մակարդակի վրա պետք է հրաժարվել վիրտուալ դարձած «ռուսահայաստանից»: Ներկայիս, միջանկյալ Հայաստանը չի կարող չլինել հակագաղութային, նշանակում է հակառուս, բառի քաղաքական իմաստով: Բնականաբար, մոսկովյան դրածոները աջուձախ ռուսատյացության պիտակներ են փակցնելու: Դրան պետք է պատրաստ լինել. հայերը որեւէ էթնոսի հանդեպ թերարժեքության բարդույթ չունեն եւ «ատյացությամբ» չեն տառապում: Թող ցեղակից ուկրաինացիների հետ լեզու գտնեն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում