Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը տեսանյութ է հրապարակել, որում 2018թ․-ին Արմավիրի մարզի մասնավոր ամառանոցներից մեկից փրկված 3 արջերն են, որոնք այժմ գտնվում են Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում։ Այստեղ նրանք ստանում են մասնագիտական խնամք, լիարժեք սնունդ և վերականգնում են տարիներ շարունակ վանդակում գտնվելու հետևանքով գրեթե կորցրած բնազդները։
Արջերի փրկության ծրագրի շրջանակներում գործընկեր կազմակերպությունների ջանքերով ոչ բարեկեցիկ պայմաններից փրկվել
են շուրջ 35 արջեր, ինչպես նաև ստեղծվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ փրկված կենդանիներն ապրում են
պատշաճ սննդակարգով ապահովված և մասնագետների խնամքի ներքո։
Հիշեցնենք, որ կենտրոնում գտնվող արջերը տարբեր պատճառներով հայտնվել են անազատության մեջ, կորցրել են իրենց բնական կարողությունները, դարձել են կախյալ մարդու «բարեհաճությունից»։ Այդպիսի արջերից շատերն այսօր գտնվում են WRC-ում, որի հիմնական առաքելությունը նման կենդանիների համար հետագա բարեկեցիկ կյանքն ապահովվելն է, ինչպես նաև՝ հնարավորության դեպքում վայրի բնություն վերադարձնելը։ Մինչ այսօր ՀՀ տարբեր մասնավոր տարածքում շարունակում են բանտարկված
մնալ շուրջ 20 արջեր, որոնք ունեն մասնագիտական օգնության կարիք և սպասում են իրենց հերթին։
Գեյթ, Սիքս և Իվի արջուկների օրինակով հիմնադրամը ցուցադրում է, թե ինչ պայմաններում են են երկար տարիներ գտնվել փրկված արջերը և այժմ ինչպիսի խնամք են ստանում, ինչ տարածքում և պայմաններում են ապրում։