«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքաղաքական դաշտում ակտիվ եռուզեռ է։ Քաղաքական հարթակում գործող ընդդիմադիր ուժերը իշխանությունների վարկանիշի անկմանը զուգահեռ փորձում են ամուր դիրքավորում ապահովել եւ արժանանալ հանրության մեծամասնության վստահությանը։ Մյուս կողմից էլ՝ վերջին շրջանում մեծ թափով նոր կուսակցություններ ու շարժումներ են մուտք գործում քաղաքական հարթակ։ Գրեթե օր չկա, որ այդպիսի նորեկի մասին չհայտարարվի: Այս գործընթացի արդյունքում է, որ Հայաստանում գրանցված կուսակցությունների թիվը հասնում է մոտ 100-ի՝ չնայած սրանց մեջ քիչ չեն, այսպես կոչված, «մարդ-կուսակցությունները»։ Հասկանալի է, որ մի կողմից՝ երկրում գրանցված այսքան կուսակցությունները խայտաբղետություն են մտցնում քաղաքական դաշտում, բայց մյուս կողմից էլ՝ վկայում են, որ հայաստանյան քաղաքական մշակույթը դեռեւս ձեւավորման փուլում է։

Շատերի համոզմամբ, երեք միլիոնանոց Հայաստանում այսքան քաղաքական ուժերը պարզապես «շքեղություն» են: Սակայն եթե այս փուլում նորահայտ քաղաքական ուժերը շտապում են հայտ ներկայացնելու հարցում, ապա դա նշանակում է, որ պետք է փորձեն նոր ասելիքով հանդես գալ։ Իրականում այդպես էլ կա, այդ կուսակցությունները գեղեցիկ փաթեթավորված գաղափարներով են ներկայանում ու ներկայանալու հանրությանը՝ հաշվի առնելով, որ առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սպասվում։


Մի կողմից՝ հասկանալի է, որ այս ուժերը փորձում են գործել ժամանակակից պահանջներին համապատասխան ու իրենց հիմնական շեշտադրումը կատարում են հանրության՝ դեռեւս չկողմնորոշված մասի ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ մեծ թիվ են կազմում այն մարդիկ, որոնք դեռեւս սպասողական փուլում են մինչեւ քաղաքական դաշտում վերջնական դիրքորոշումների հստակեցում նկատվի։

Բայց մյուս կողմից էլ՝ անկախ նրանից, թե ընտրությունները կկայանան, թե ոչ, փորձը ցույց է տալիս, որ նոր գաղափարներին, նոր դեմքերին մեր հանրությունը դժվար է ադապտացվում, այնքան էլ հեշտությամբ չի գայթակղվում սոսկ գեղեցիկ խոստումներով, քանի որ, ինչպես ասում են, «տառապանքը փորձ ունի». ի վերջո, մեր քաղաքացիները նման գեղեցիկ գաղափարների ու խոստումների պակաս երբեք չեն ունեցել։ Բոլոր ուժերի գաղափարներն էլ սիրուն են: Իսկ թե ինչ է լինում հետո, բոլորիս աչքի առջեւ է: Հենց միայն 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններն ու մեր երկրին վրա հասած բազում հարվածները դրա վառ վկայությունն են:

Հենց դրա արդյունքում է, որ հանրությունը փորձում է գեղեցիկ ծրագրերից ու գաղափարներից զատ նաեւ այդ գաղափարների կյանքի կոչման ուղղությամբ կոնկրետ գործողությունների ու այդ հարցում անցած ուղու վրա ուշադրություն դարձնել։ Նաեւ հասկանալ այդ գաղափարների ու խոսքերի հետեւում կանգնած անձանց ով ու ինչպիսին լինելը:

Այստեղ կա նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք: Իրական ընդդիմությունը այսօր լուրջ գործոն է եւ հավակնում է հստակ իշխանափոխության: Դա գիտակցում են նաեւ իշխանությունները, դրա համար էլ հետեւում են իրական ընդդիմության շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ դրան զուգահեռ փորձում քաղաքական դաշտում աճեցնել իրենց կողմից ներդրված քաղաքական ուժերի, որոնք պիտի ընդդիմությունից ինչ-որ կերպ ձայներ փախցնելու գործառույթ իրականացնեն, իսկ հետո, երբ պետք լինի, կարող են սահուն անցնել իշխանական ճամբար։

Բայց խնդիրն այն է, որ հանրության՝ ընդդիմադիր հատվածի ձայները ստանալու տեսանկյունից իրական ընդդիմության, հիմնական դերակատար ուժերի հետ մրցակից են դառնում նաեւ ընդդիմադիր «պուպուշ» գաղափարներով տոգորված նորահայտ (կամ որպես միավոր նոր հայտ ներկայացնող) քաղաքական ուժերը։ Հասկանալի է, որ ընդդիմադիր դաշտը չի կարող հանդես գալ մեկ միասնական միավորով, դա չափազանց վտանգավոր է, սակայն մյուս ծայրահեղությունը պակաս վտանգավոր չէ. որքան շատ պառակտված ու բազմազան լինի ընդդիմադիր դաշտը, այնքան դա իշխանությունների օգտին է։

Հարցն այն է, որ այս պարագայում առկա է իրական ընդդիմադիր ձայները փոշիացնելու վտանգ, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը։ Խոսքն այն ուժերի մասին է, որոնք ո՛չ գործնականում, ո՛չ էլ նույնիսկ տեսականորեն պարզապես չեն կարող անգամ 3 տոկոսին մոտենալ:

Եվ ինչքան էլ գաղափարներն ազնիվ լինեն, այդ ուժերը, առանձին մասնակցելով, նպաստելով ձայների փոշիացմանը, վտանգի տակ են դնում ընդդիմության հիմնական առաքելությունը, այն է՝ վռնդել երկրի գլխին պատուհաս դարձած իշխանություններին։ Գոնե այդ հարցում ընդդիմադիր ուժերը պետք է միասնական լինեն ու որեւէ պարագայում չպայքարեն միմյանց դեմ:

Այսինքն՝ առկա է մեկ հարց՝ «կոնսենսուս՝ մինուս Նիկոլ»: Սա չափազանց կարեւոր է: Այնպես որ, ոչ Նիկոլի գրպանային, այլ իրոք ընդդիմադիր ուժերը առաջիկայում դիրքորոշումների վերջնական հստակեցման առաջնային խնդիր ունեն։ Ու մեկ գլխավոր նպատակ, ինչի մասին խոսեցինք վերեւում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում