Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Բաքվում բացելով ղարաբաղյան երկրորդ պատերազմին նվիրված «ավարների պուրակը», իր համար ապագա պարտության հեռանկար է ապահովել: Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստում ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այգում հայկական ռազմական տեխնիկան հայ զինծառայողների մանեկենների հետ միասին ցուցադրելով՝ Ալիեւը, փաստորեն, մեկ անգամ եւս պետական մակարդակով հովանավորում է հայերի հանդեպ ատելությունը եւ բացահայտ թշնամանք է քարոզում:


«Ալիեւը ոչ միայն ատելություն է սերմանում, այլեւ իր ժողովրդին անսահման մեծամտություն է ներշնչում, եւ դա, ըստ էության, ավելի վաղ ձեռք բերած հաղթանակը վերացնելու առաջին քայլերն են: Բացելով այս անհեթեթ այգին՝ Ալիեւը ապահովեց իր ապագա պարտության հեռանկարը»,- ասաց խորհրդարանականը: