Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Բաքվում տրտմությամբ են ընդունել։ Մոսկվան ու Բաքուն բացառում են քաղաքական կարգավորումը, այդ թվում կարգավիճակի հարցի լուծումը համանախագահության շրջանակում, նրան փորձելով դեր հատկացնել «հետկոնֆլիկտային կարգավորման»՝ հումանիտար հարցերի, կոմունիկացիաների եւ սահմանների դեմարկացիայի հարցում, քանի որ համարում են, որ հակամարտությունը լուծված է։ Այդպիսով Մոսկվան ու Բաքուն ձգտում են Հայաստանի դեմ ագրեսիայի արդյունքները լեգիտիմացնել կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող Մինսկի խմբում։

Նոյեմբերի 9-ից հետո Մոսկվան կոպիտ տապալեց համանախագահների առաջին այցը տարածաշրջան՝ ՌԴ ներկայացուցիչը հրաժարվեց մասնակցել այցին։ Բաքվի կառավարիչ Ալիեւը կոշտ ընդունելություն ցուցաբերեց ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահներին, հայտարարելով, որ Խումբն անելիք չունի։


Համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության նախօրեին ՌԴ Սենատի արտաքին հարցերի հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կարասինը եւ Ալիեւը մինչեւ ստորակետ համընկնող տեքստով հայտարարեցին, որ խումբը քաղաքական կարգավորման հարցում անելիք չունի։ Մինսկի խմբի հայտարարության մեջ քաղաքական կարգավորման տարրին ընդհանուր ձեւակերպումներ են տրված, այնուամենայնիվ նշվում է «երկարատեւ քաղաքական կարգավորման լավ հայտնի տարրերի մասին», որոնց թվում է նաեւ կարգավիճակի հարցը։ Ըստ երեւույթին, Ռուսաստանն այս անգամ չի կարողացել բացահայտ դեմ գնալ խմբին, եւ պնդել է ընդհանուր ձեւակերպումները։

Որքա՞ն արժեր ՌԴ սենատոր Կարասինի ծառայությունը՝ բառի ուղիղ, ինչպես նաեւ Հայաստանի դեմ հանցագործությունների՝ Բաքվի պուրակի, հայ պատանդների կյանքով շանտաժի, Արցախի կարգավիճակի ոչնչացման փորձերի եւ այլնի տեսքով։

Պաշտոնական Բաքուն դժգոհ է հայտարարության մեջ բազային սկզբունքների, գերիների վերադարձի եւ մշակութային ժառանգության պահպանման հիշատակումից։ Իսկ ամենահրեշավորը, գրում է Ալիեւի անձնական կայքը, այն է, որ փորձ է արվում հակամարտության ռազմական փուլի ավարտը ներկայացնել որպես կրակի դադարեցման ռեժիմ։ Կոշտ գնահատականներ են տրվում խմբին՝ լիովին համահունչ Լավրովի եւ Պուտինի գնահատականներին, որոնք Մինսկի խմբին մեղադրում էին անգործության եւ հակամարտությունը լուծելու անկարողության մեջ։

Այս տրտմությանը զուգահեռ, Բաքուն հրճվանքով է ընդունել Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը ՀՀ Ազգային ժողովում, մասնավորապես սենսացիոն է որակվել այն հայտարարությունը, ըստ որի 2016 թվականին ապրիլյան պատերազմն սկսվել է այն բանից հետո, երբ Հայաստանը մերժել է համանախագահների պահանջը՝ հրաժարվելու մադրիդյան սկզբունքներով նախատեսված միջանկյալ կարգավիճակի կետից․ հայկական կողմը հրաժարվել է, դրանից երկու ամիս անց սկսվել է պատերազմը, որը տարածքային կորուստներով կանգնեցնելուց հետո Հայաստանը պետք է հրաժարվեր միջանկյալ կարգավիճակից։

Փաշինյանը չքմեղանալով սպիտակերես է անում նաեւ հետխորհրդային մնացորդների շրջանակի գործընկեր Ալիեւին: Միջազգային սուր ժամանակահատվածում ծավալվող Պուտին-Ալիեւ-Փաշինյան սիրավեպը մանրամասն դիտակման է արժանի, ինչը հայ փորձագետները, հուսանք, կանեն: Այստեղ կարող ենք միայն նշել, որ պետական կառավարման, միջազգային հարաբերությունների, ռազմական գործի ասպարեզում անփորձ վարչախումբը կարող է միայն տանուլ տալ: 3 տարվա «փորձը» ուրիշ որեւէ բանի հիմք հանդիսանալ չի կարող: Որոշակի հույս է ներշնչում ընտրական ուղով Ալիեւ-Փաշինյան զույգին բաժանելու հնարավորությունը: