Երեկ Նիկոլ Փաշինյանը մեկնարկ տվեց քարոզարշավի, ինքը փորձեց ստերով, մանիպուլյացիաներով քողարկել բոլոր այն հարցերը, որոնք քարոզարշավի ժամանակ տալու էին իրեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատերազմին հաջորդած օրերին, ԱԽ նիստի ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար եւ կան ձայնագրություններ իր ասածը հաստատող, Զոհրաբյանն ասաց. ««Իրեն քարոզարշավի ժամանակ հարցնելու էին՝ եթե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրն ասել էր, որ մեր ռեսուրսները բավարար չեն, եւ մենք ունենալու ենք բանակցային շատ ավելի վատ իրավիճակ, եւ պետք է պատերազմը կանգնեցնել, ինչու չեք կանգնացնել: Իրեն թվաց, թե ինքը կանխեց բոլոր խնդրահարույց հարցերը: Բայց ինքը երեկվա իր հայտարարություններով իրեն դրեց հերթական փակուղու մեջ:


Քիչ անց ես իմ էջում կհրապարակեմ «Ազատություն» ռադիոկայանի դեկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, որտեղ լրագրողի ճշգրտող հարցին, որ Օնիկ Գասպարյանը նոյեմբերին ձեզ ասել է , որ մենք պարտվելու ենք, որ մեր վիճակը վատ է, Նիկոլ Փաշինյանն իր պատասխաններով, ըստ էության, չի հերքում, որ Օնիկ Գասպարյանը նման հայտարարություն արել է: Ավելին, ինքը հաստատում է, որ նման հայտարարություն արվել է, շարունակելով, որ այո, բայց այդ հայտարարությունից հետո իրավիճակից հետո եղան այլ զարգացումներ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կան ապացույցներ, այդ թվում ձայնագրություններ, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ինչ ձայնագրություն էլ հրապարակվի, լինելու է մոնտաժված կամ չի լինելու: Այստեղ եւս Նիկոլի համար իրավիճակը փակուղային է, որովհետեւ եթե Օնիկ Գասպարյանը 1,5 ամիս առաջ արել է նման հայտարարություն եւ հենց այդ ժամանակ նրա նկատմամբ քրգործ չի հարուցվել կեղծիք, սուտ, ապատեղեկատվություն տարածելու համար, այստեղ գալիս է տրամաբանական հարց՝ պարոն Փաշինյան, եթե ըստ ձեզ Օնիկ Գասպարյանը ստել է եւ ԱԽ նիստում նման հայտարարություն չի արել, ապա ինչո՞ւ դուք լռեցիք եւ Օնիկ Գասպարյանը չենթարկվեց քրեական պատասխանատվության»: