Թուրքիայի եւ Հունաստանի ԱԳ նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուի եւ Նիկոս Դենդիասի համատեղ ելույթը՝ Անկարայում տեղի ունեցած բանակցությունների ավարտից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, վերածվել է վիճաբանության։ Նշենք, որ նախարար Դենդիասը իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ Հունաստանում չկա թուրքական փոքրամասնություն, այլ կա միայն մահմեդական փոքրամասնություն։ Նա նաեւ հայտարարել է, որ Թուրքիան խախտում է Հունաստանի սուվերեն իրավունքները, իսկ երբ Հունաստանը խոսում է իր սուվերեն իրավունքների իրացման մասին, Անկարայից հնչում են պատերազմի սպառնալիքներ եւ ավելի բարդացնում հարաբերությունները։
Չավուշօղլուն էլ հակադարձել է, ասելով, որ չեն կարող նման մեղադրանք ընդունել եւ չեն խախտում Հունաստանի սուվերենիտետը։ Թուրք նախարարն էլ պնդել է, որ Անկարայի գործողությունները կիպրացի թուրքերին պաշտպանելուն են միտված եւ Հունաստանում բնակվող թուրք փոքրամասնության։ Չավուշօղլուն նկատել է, որ Անկարայի համար վիրավորական է այն, որ Աթենքում Հունաստանում բնակվող թուրք փոքրամասնությանը ասում են, որ նրանք թուրք չեն, այլ պարզապես մահմեդական։ Վիճաբանությունը շարունակվել է արդեն Էգեյան ծովի առնչությամբ եղած տարաձայնությունների թեմայով, նաեւ Դենդիասը բարձրացրել է թուրքերի կողմից հունական օդային տարածքը բազմաթիվ անգամներ խախտելու հարցը։ Վիճաբանությունը դեռ կարող էր երկար շարունակվել, եթե Չավուշօղլուն չասեր, որ եթե երկար շարունակեն ընթրիքից կուշանան։ Դրանով էլ երկու նախարարների վիճաբանությունն ավարտվել է։