Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները «հիմնականում խորհրդանշական են» եւ նվազագույն ազդեցություն կունենան շուկաների եւ մակրոտնտեսական հեռանկարների վրա, կարծում են տնտեսագետները:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին: Պատժամիջոցներն ուղղված են 16 կազմակերպությունների եւ 16 ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության մեջ: Վաշինգտոնը նաեւ արտաքսել է 10 ռուս դիվանագետի:
«Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները հիմնականում խորհրդանշական են»,-CNBC-ին հայտնել է The Economist Intelligence Unit-ի գլոբալ կանխատեսման գծով տնօրեն Ագատա Դեմարիսը:
Նա նշել է, որ սուվերեն պարտքի նկատմամբ պատժամիջոցները քիչ կոշտ են, քան ենթադրում էր շուկայի նախնական ռեակցիան:
BCS Global Markets -ի գլխավոր տնտեսագետ Վլադիմիր Տիխոմիրովը կարծիք է հայտնել, որ որոշ ներդրողներ թեթեւացում են զգացել՝ անորոշության վերացումից եւ բավական համեստ պատժամիջոցներից հետո:
Capital Economics-ում զարգացող շուկաների հարցով տնտեսագետ Լիամ Պիչը հայտնել է, որ համաձայն է, որ հետեւանքները սահմանափակ կլինեն, եթե պատժամիջոցները չտարածվեն ամբողջ սուվերեն պարտքի վրա կամ եթե Ռուսաստանն ագրեսիվ պատասխան միջոցներ չձեռնարկի: