Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» ՈւԵՖԱ-ի կամքին հակառակ նորաստեղծ Սուպերլիգային միանալու պատճառով չեն շարունակի ելույթները Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում: Այդ մասին հայտարարել է ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Յեսպեր Մելերը:

««Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» կհեռանան: Սպասվում եմ, որ դա տեղի կունենա ուրբաթ, իսկ հետո կորոշենք, թե ինչպես ավարտել Չեմպիոնների լիգան: Ուրբաթ տեղի կունենա Գործկոմի արտահերթ նիստ: Սպասում եմ, որ 12 ակումբներ կհեռացվեն»,- Մելերի խոսքը մեջբերում է CBS Sports-ը:


Հիշեցնենք, որ եվրոպական 12 առաջատար ակումբներ ապրիլի 19-ին պաշտոնապես հայտնել էին ֆուտբոլի Սուպերլիգայի ստեղծման մասին: Սուպերլիգայի հիմնադիրներն են իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Սպասվում է, որ հիմնադիրներին կմիանան ևս 3 ակումբներ:

Սուպերլիգայի նախագահ է ընտրվել Մադրիդի «Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսը, իսկ Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին ու «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Ջոել Գլեյզերը կկատարեն կազմակերպության փոխնախագահի պարտականությունները:

Սուպերլիգայի առաջին մրցաշարը նախատեսված է սկսել օգոստոսին: Կմասնակցեն 20 թիմեր, որոնցից 15-ը լիգայի հիմնադիրներն են: Մյուս 5 մասնակիցները կորոշվեն որակավորման փուլի արդյունքում: Յուրաքանչյուր մասնակից մեկ մրցաշրջանում կանցկացնի 218-23 հանդիպում: Հանդիպումները կանցկացվեն շաբաթվա միջնամասում: 20 թիմեր կբաժանվեն 2 խմբերի և հանդիպումներ կանցկացնեն տանն ու հյուրընկալվելիս: Խմբերում 1-3-րդ տեղ գրաված թիմերը կնվաճեն քառորդ եզրափակիչի ուղեգիր: 4-րդ և 5-րդ տեղ գրաված ակումբները կվիճարկեն քառորդ եզրափակիչի մյուս 2 ուղեգրերը: Փլեյ-օֆֆը կանցկացվի 2 դիմակայությամբ, իսկ եզրափակիչը՝ մեկ խաղով:

Սուպերլիգային միանալու համար ակումբները կստանան 350-ական միլիոն եվրո:

Սուպերլիգան նախատեսում է նաև ապագայում ստեղծել կանանց մրցաշար:

ՈւԵՖԱ-ն, Անգլիայի Պրեմիեր լիգան, Իտալիայի A Սերիան ու Իսպանիայի Լա Լիգան հանդես են եկել միասնական հայտարարությամբ և ակումբներին դատապարտել են Սուպերլիգա ստեղծելու համար: ՖԻՖԱ-ն նույնպես հավանություն չի տվել մրցաշարի անցկացմանը:

Սուպերլիգայի հիմնադիրները հայտնել են, որ մտադիր չեն դադարեցնել իրենց ելույթներն ազգային առաջնություններում: