Դրա մասով պարզաբանում արդեն տվել ենք, որը հրապարակվել է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քանտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով պատերազմի օրերին ԱԽ նիստերին, եւ այդ նիստերում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին, որոնց որոշ հատվածներ հրապարակվել են:

Հարցին, թե արդյոք այդպիսի բացահայտումները չեն վնասում Հայաստանի անվտանգությանը, Գրիգորյանը պատասխանեց. «Բոլոր հրապարակումները համապարփակ գնահատում են անցել Անվտանգության ուժերի կողմից, նոր միայն հրապարակվել են»:


Հարցին, թե պատերազմում պարտության միակ պատասխանատուն Օնիկ Գասպարյա՞նն էր, բոլոր սլաքները նրա վրա են ուղղվում, ԱԽ քարտուղարն արձագանքեց. «Ոչ մի սլաք ոչ մեկին դեռեւս չի ուղղվել»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին, Օնիկ Գասպարյանը մանրամասներ էր ներկայացրել պատերազմի վերաբերյալ և ասել, որ «պատերազմի չորրորդ օրը` Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։

Այս հայտարարությունը միայն ամիսներ անց հերքեցին Կառավարությունից, սկզբից դա արեց ԱԽ քարտուղարը, ապա վարչապետը։ Օրեր առաջ՝ ապրիլի 14-ին, վարչապետ Նիկյոլ Փաշինյանը հայտարարեց, թե Օնիկ Գասպարյանի հայտարարության այդ կետը իրականության հետ որեւէ աղերս եւ առնչություն չունի։

«Ընդհակառակը՝ սեպտեմբերի 30-ի անվտանգության խորհրդի նիստին ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում է իր առաջ դրված խնդիրը եւ մինչեւ վերջ կկատարի»,-հայտարարել էր Փաշինյանը՝ ընդգծելով, որ ԳՇ պետը չէր կարող նման հայտարարություն անել սեպտեմբերի 30-ին, քանի որ 2020 թվականի օգոստոսի 21-ին տեղի ունեցած ԱԽ նիստում զեկույցում հավաստիացրել է, որ Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով եւ միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը եւ ջախջախել նրա խմբավորումները»,- ասել էր նա։

Իսկ ահա հաջորդ օրը, ԱԽ գրասենյակը, հրապարակել էր գաղտնազերծված որոշ փաստաթղթեր Օնիկ Գասպարյանի հայտարարությունների վերաբերյալ։