Երեկ Սյունիքի մարզում խորհրդակցությանը Նիկոլ Փաշինյանը մի շարք հայտարարություններ է արել, որոնք անուշադրության են մատնվել քաղաքական դեստրուկցիայի ու տեղեկատվական աղմուկի պայմաններում։ Փաշինյանն ասել է կարևոր բաներ։ Օրինակ այն, որ Բաքուն փորձում է ձախողել գործընթացը, հետ կանգնել պայմանավորվածություններից, սրում է իրավիճակը տարածաշրջանում, «որպեսզի շարունակվի Հայաստանի շրջափակման քաղաքականությունը»։


Օրերս տեղի է ունեցել Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Բուլղարիայի ներկայացուցիչների մասնակցությամբ նիստ, որտեղ քննարկվել է Սև ծով-Պարսից ծոց «այլընտրանքային» միջանցքի բացման հարցը։ Արդյոք Հայաստանը փորձում է այդպիսով խափանել ռուս-թուրքական ծրագրերը։ Եվ ո՞րն է լինելու նման «օպերացիայի» գինը:

Նույն խորհրդակցությանը Նիկոլ Փաշինյանը սենսացիոն խոստովանություն է արել։ Նա ասել է, որ հետպատերազմյան շրջանում, «երբ մեր պաշտպանունակությունը բավարար չէր», որոշվել է Սյունիքում Հայաստանի սահմանները համապատասխանեցնել ՀԱՊԿ սահմաններին, կոլեկտիվ անվտանգության համակարգերը գործարկելու նպատակով։


Ընդ որում, նա հայտարարել է, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի գործունեությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների ներսում, սկսվել են ՌԴ հետ համատեղ զինված ուժերի լայնածավալ բարեփոխումները։ «Երբ մենք խոսում ենք դաշնակցային պարտավորությունների մասին, ապա պետք է հասկանանք, որ պարտականություններ ունեն ոչ միայն դաշնակիցները, այլ նաև մենք իրենց հանդեպ, և Զինված ուժերի բարեփոխումները նույնպես պետք է տեղավորվեն այս տրամաբանության մեջ»։

Կարելի՞ է դա հասկանալ այսպես, որ Հայաստանի սահմանների պաշտպանությունը ստանձնելու ՀԱՊԿ և Ռուսաստանի համաձայնության դիմաց (որը սովորաբար ավարտվում է Բայրաքթարներով համալրված ռուս-թուրքական կենտրոնի ստեղծմամբ), Հայաստանը իր բանակը փոխանցել է Ռուսաստանին։

Հայկական բանակի նկատմամբ Ռուսաստանի արհամարհական վերաբերմունքի մասին կարելի է դատել ինչպես պաշտոնյաների, այնպես էլ ռուս փորձագետների հայտարարություններից։ Եվ կարելի է պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնելու հայկական բանակը այսպիսի բարեփոխումներից հետո։

«Բաքուն չի կարող թույլ տալ, որ Հայաստանն իր բանակը հասցնի այնպիսի վիճակի, որը կարող է սպառնալ Ադրբեջանին», հայտարարել է Ալիևը, ըստ ամենայնի նկատի ունենալով Ռուսաստանի երաշխիքները։

«Կան տարբեր գաղափարներ, և դրանք պետք է քննարկվեն։ Օրինակ, կա գաղափար, որ ամեն 5 տարին մեկ պետք է լինի եռամսյա կամ երկամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները կարողանան տիրապետել մարտական նվազագույն հմտություններին, և մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակ։ Այո, երբ զինվորը պրոֆեսիոնալ զինվոր է, նա այլ գործերով չի զբաղվում», ասել է Փաշինյանը։ Որոշ փորձագետների կարծիքով, նման հայտարարությունները տեղավորվում են քարոզարշավի տրամաբանության մեջ, զորակոչին սարսափով սպասող երիտասարդների ծնողներին դուր գալու նպատակով։ Բայց խնդիրը շատ ավելի խորն է․ Սա Հայաստանի անվտանգության փոխանցումն է մի երկրի և դաշինքի, որոնք ապացուցել են իր նվիրվածությունը Թուրքիային։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/22/636446/