Ռուսաստանը եռանդուն միջնորդական ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի հարաբերություններում առավել ուժեղ բաժանարար գծերից մեկը վերացնելու համար։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ ռազմագերիների վերադարձի մասին հարցին։


«Մենք կողմ ենք, որ ռազմագերիների խնդիրը լուծվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Նման քայլն իսկապես բարենպաստ մթնոլորտ կստեղծի մի շարք կարևոր հարցերում առաջ շարժվելու համար», – ասել է Զախարովան։

Բոլորը բոլորի դիմաց մանթրան ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի պատրաստի պատասխանն է ավանդական ճեպազրույցների ընթացքում։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը օրերս դեմ է քվեարկել գերիների հարցը գարնանային նստաշրջանի օրակարգ մտցնելուն։ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության բոլոր քայլերը մշակվում եւ ուղղորդվում են Կրեմլից ու ԱԳՆ-ից։ ԵԽԽՎ այսօրվա նիստում էլ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բոցաշունչ ելույթ է ունեցել, որում կոչ է արել ԵԽԽՎ-ն չսարքել հակառուսական կլուբ։ Հայ գերիների հարցը չեք քննարկում, բայց Նավալնիի ու սորոսականների հարցերն եք քննարկում, ասել էր Նառան։