Այսօր անժամկետ նստացույց հայտարարած երիտասարդները` լրատվամիջոցների ուղեկցությամբ ցանկանում էին հանդիպել քաղաքապետի հետ և քննարկել հովանոց տեղադրելու հարցը: Այդ նպատակով իրենք նամակով դիմել էին քաղաքապետարան և տեղեկացրել իրենց որոշման մասին:
Նշանակված ժամին բոլորն այնտեղ էին, սակայն քաղաքապետարանի շենք մտնելու փոխարեն, ակտիվիստների և լրագրողների հարցերին շենքի բակում պատասխանեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Նա նշեց, որ մերժվում է խնդիրը քաղաքապետարանի ներսում քննարկելու առաջարկը, քանի որ խոսքը վերաբերում է միայն հովանոցին: «Խնդիրն այն է, որ ամբողջ հարցը պետք է քննարկվի, ոչ թե հովանոցը», - նշեց նա, հավելելով, որ հովանոցի տեղադրման հարցերի պատասխանը պաշտոնապես տրվել է:
Նստացույցի մասնակիցներից Գոռը նշեց, որ իրենց անհասկանալի է պատասխանի մեջ գրված «օգտագործեք այլ միջոցներ» անվանումը, ինչին ի պատասխան, Ա. Գևորգյանը խորհուրդ տվեց գրավոր տարբերակով դիմել ի՞նչ է նշանակում այլ միջոցներ հարցումը և ստանալ պատասխան:(Նշենք, որ քաղաքապետարանի կողմից պատասխանի մեջ նշված է, որ նստացույցի մասնակիցները արևից պաշտպանվելու համար կարող են դիմել այլ միջոցների):
Քաղաքապետարանի աշխատակիցը նաև նշեց, որ իրենք մշտապես պատրաստ են քննարկման, սակայն միայն քննարկելու համար այն խնդիրները, որոնք պատճառ են հանդիսացել նստացույցի համար:
Հիշեցնենք, որ նստացույցի մասնակիցներն այսօր նամակ էին ուղարկել քաղաքապետարան, որտեղ մասնավորապես ասվում էր, որ քանի որ քաղաքապետը հերթական անգամ պատրաստակամություն է հայտնել քաղաքապետարանի տարածքում հանդիպել և քննարկել առկա խնդիրները և քանի որ հովանոցի տեղադրումը հանդիսանում է հրատապ խնդիր, դա քննարկելու համար որոշել են այսրժօր հանդիպել և քննարկել:
Տեսանյութը՝ քիչ ուշ: