ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լայն արձագանք է գտել համաշխարհային մամուլում:


Ջո Բայդենը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որը ֆորմալ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, գրում է The Guardian-ը: Թերթը գրում է, որ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամի և տարածաշրջանային դաշնակցի կարգավիճակը երկար ժամանակ ԱՄՆ նախագահներին հետ է պահել ճանաչումից: Բայց Վաշինտոնի և Անկարայի հարաբերությունները վերջին տարիներին զգալիորեն վատթարացել են: Ճանաչումը ԱՄՆ հայկական կազմակերպութունների տասնամյակների լոբբինգի արդյունքն է, նշում է The Guardian-ը:


The New York Times-ը գրում է, որ նախագահ Բայդենը հայերի զանգվածային սպանությունները ճանաչել է ցեղասպանություն՝ պատրաստակամություն հայտնելով փորձության ենթարկել Թուրքիայի հետ վատթարացող հարաբերությունները, որը ՆԱՏՕ-ի երկարամյա դաշնակից է տարածաշրջանում: Ցեղասպանության ճանաչումը Բայդենի վարչակազմի հավատարմությունն է մարդու իրավունքներին՝ նրա արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկին: Դա նաև տարբերվում է Բայդենի նախորդներից, որոնք չէին ուզում բարկացնել ռազմավարական կարևորություն ունեցող երկրին:


Դոյչե Վելլեն գրում է, որ Թուրքիան ժխտում է, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, և ԱՄՆ-ն զերծ էր մնում այդ բառն օգտագործելուց: Բայդենի հայտարարությունը նախընտրական խոստման իրականացում է, բայց դա կարող է խնդիրներ առաջացնել ամերիկա-թուրքական հարաբերություններում:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչեց ցեղասպանություն, գրում է Ալ Ջազիրան: Բայդենի հայտարարությունը տեղի ունեցավ ԱՄՆ ու Թուրքիայի միջև լարված հարաբերությունների ժամանակ, որն ավելի վաղ հայտարարել էր, որ սպանությունները ցեղասպանություն ճանաչելու դեպքում ավելի կտուժեն երկկողմ հարաբերությունները:

Ջոզեֆ Բայդենը մտադիր էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում, որի մասին հայտնել է թուրքերին: Անկարան կատաղել է: Հարյուր տարի առաջվա ցեղասպանության ճանաչման թեման նրա համար չափազանց զգայուն է և շատ ցավոտ է ընկալվում, առավել ևս, որ Ռեջեբ Թայիփ Էրդողանը նոր Օսմանյան Դուռ է կառուցում: ԱՄՆ հետ հարաբերություններն առանց այդ էլ լավ չեն, իսկ դրան էլ ավելացավ այնպիսի ապտակ, այն էլ Թուրքիայի Հանրապետության ստեղծման հարյուրամյա հոբելյանից երկու տարի առաջ: Այնպես, որ ամերիկյան իր գդալը արդեն պատրաստ է մեղրի տակառի համար, գրել է ռուս հայտնի մեկնաբան Եվգենի Սատանովսկին:

Ցեղասպանության ճանաչման մասին հայտարարելը վկայում է տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության շրջադարձի մասին, BBC-ի ռուսական ծառայությանն ասել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի ղեկավար Արամ Համբարյանը: Սպիտակ տան հայտարարությունն իրավական ուժի չունի և ընդամենը խորհրդանշական քայլ է: Այդուհանդերձ, հայկական շարժման ակտիվիստների կարծիքով, այդ որոշումը կարող է ազդել իրավիճակի վրա, այդ թվում՝ հետխորհրդային տարածությունում:

«Մինչ օրս ԱՄՆ վարչակազմը ձգտում էր չմիջամտել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը, բայց հիմա Թուրքիայի հետ գնացել է բաց առճակատման: ԱՄՆ-ն դառնում է լիարժեք խաղացող տարածաշրջանում և տարածում է իր ազդեցությունը ոչ միայն Սիրիայի քրդերի, այլ նաև Ղարաբաղում վիճելի տարածքների վրա»,-ասել է Համբարյանը:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/25/637112/