ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը «պարզապես վրդովեցուցիչ է», և Թուրքիան առաջիկա ամիսների ընթացքում կպատասխանի դրան:
Այս մասին Reuters լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալինը:
«Առաջիկա օրերին և ամիսներին տարբեր ձևերի, տեսակների և աստիճանի արձագանք կլինի»,- ասել է Քալինը:
Թուրք պաշտոնյան, այնուամենայնիվ, չի հստակեցրել, թե արդյոք Անկարան կսահմանափակի ԱՄՆ-ի մուտքը Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ավիաբազա, որն օգտագործվել է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիային աջակցելու համար:
«Մեզ համար պատեհ ժամանակին մենք կշարունակենք արձագանքել այս շատ ցավալի, անարդար հայտարարությանը»,- ասել է Քալինը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը:
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ և կրկին հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը երբևէ: Սկսած 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականների և Կոստանդնուպոլսի համայնքի ղեկավարների ձերբակալությամբ՝ 1,5 մլն հայ է տեղահանվել, կոտորվել կամ մահվան ուղարկվել բնաջնջման արշավի շրջանակում: Հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի կատարվածի սարսափները երբեք չմոռացվեն պատմությունից: Եվ մենք հիշում ենք, որ մշտապես զգոն ենք մնալու ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսևորումներում»,- նշել էր նա: