Ի տարբերություն «Ռուսաստանը փրկիչ-Թուրքիան թշնամի» պրիմիտիվ ու արդեն մեռնող կոնցեպտի կրողների, ավելի ինտելեկտուալ մակարդակում ՌԴ-ի քաղաքականությունն արդարացնողների թեզն այն է, որ Թուրքիան, թիկունքում ունենալով ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների աջակցությունը, ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի դեմ, եւ Ռուսաստանը, չկարողանալով թույլ չտալ ագրեսիան, ստիպված էր որոշակի զիջումների գնալ թուրքերին:
Նույնիսկ եթե հաշվի չառնենք Պուտինից սկսած ՌԴ բարձրագույն այլ պաշտոնյաների՝ Լավրովի, Շոյգուի, Մեդվեդեւի եւ այլոց խոստովանությունները, ըստ որոնց՝ Լավրովի պլանն իրագործվել է թուրքերի հետ համատեղ՝ Հայաստանի կանխորոշված պարտությամբ, քանի որ դա Արցախ ռուսական զորք մտցնելու միակ պայմանն էր, եւ ընդունենք, որ վերոբերյալ վարկածն է ճիշտ, այն բանից հետո, երբ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ստեղծվում է բոլորովին այլ իրավիճակ թե քաղաքական, թե քարոզչական առումով:
Ավելին, իրավիճակը բավական կոնկրետանում է այն բանից հետո, երբ Հայաստանի ԱԳՆ-ն, Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Արցախի խորհրդարանն իրենց հայտարարություններում Արցախի հարցը կապեցին Հայոց ցեղասպանության հարցի հետ: Սա ուշացումով, սակայն քաղաքական կարեւոր հանգրվան է հայկական իրավունքների ու պահանջների իրացման համար, եւ ենթադրվում է, որ հայկական քաղաքականությունն ամուր առաջ կտանի այդ թեզը:
Բայդենի ճանաչումից հետո Կրեմլի ողորմելի արձագանքը մատնում է Մոսկվայի շփոթվածությունը: Բայդենի որոշումը Մոսկվային զրկում է կարեւոր մի «փաստարկից»՝ կապված Արեւմուտքի «դավադրության» հետ: Իսկ Թուրքիային «Արեւմուտքից» հանելու ռուսական քաղաքական մարմաջն այս պարագային կրկնակի զավեշտալի է դառնում. ստացվում է, որ Ռուսաստանը կարող էր ուղիղ համագործակցել Արեւմուտքի հետ, համենայնդեպս Մինսկի խումբը միջազգային միակ հարթակն էր, որտեղ Մոսկվան ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ հավասար դիրքերում էր, սակայն գերադասել է թուրքահպատակությունը:
Բայդենի որոշումը Պուտինին «փակում է» Արցախում, ողջ պատասխանատվությունը թողնելով Հարավային Կովկասում հակահայ քաղաքականության արդյունքում տապալված Մոսկվայի վրա: ԱՄՆ-ն եռակողմ հայտարարության կապակցությամբ ավելի վաղ հարցեր էր ուղղել Մոսկվային՝ կապված հենց Թուրքիայի դերի հետ: Մոսկվան արդարացրել էր թուրքերի հետ համաձայնությունները, իսկ թուրքերն էլ ամերիկացիներին հորդորել էին չխանգարել «Հարավային Կովկասում նոր կարգի հաստատմանը»: Նոր կարգը Լավրովի պլանի ընդլայնված գործարկումն է Հայաստանի մասնատման եւ ինքնիշխանության ոչնչացման նպատակով:
ԱՄՆ-ն վերջին շրջանում խոսում է Հայաստանի ամբողջության եւ ինքնիշխանության պահպանման մասին, մատնանշելով, թե որտեղից է գալիս վտանգը: Իսկ եթե Ռուսաստանի «հարկադրյալ քաղաքականության» խնդիրը Թուրքիան էր, հիմա անկեղծության պահն է: