Փոլ Գոբլը «Թյուրքական երկրները չհետեւեցին Անկարային ու Բաքվին, որոնք դատապարտել են Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը» հոդվածում գրում է, որ Թուրքիան դատապարտել է այդ որոշումը, նրա մերձավոր դաշնակից Ադրբեջանը եւս: Սակայն հատկանշական է, որ թյուրքական մյուս երկրները չեն հետեւել նրանց օրինակին.


«Ինտրիգային է այն, որ համենայնդեպս մեկ քաղաքական գործիչ Ղազախստանում՝ Բահիթժան Կոպբաեւը, սեփական կառավարությանն առաջարկել է խզել կապերն Անկարայի հետ այս հարցում եւ հետեւել ամերիկյան օրինակին ինչպես պատմական հավաստիության, այնպես էլ անկախ գործելու ընդունակության ցուցադրման համար:

Նա նշում է, որ «ինքը Անկարան ընդունում է 1,5 միլիոն հայերի սպանությունը, սակայն ասում է, որ նրանք բոլորը խաղաղ բնակիչներ էին, եւ օսմանյան իշխանությունները նրանց սպանել են ոչ այն պատճառով, որ նրանք հայեր են: Դա հիմարություն է»:

ԱՄՆ-ից հետո Ղազախստանը պետք է 1915 թ. հայերի զանգվածային սպանությունները ճանաչի որպես ցեղասպանություն: «Ընդ որում, պետք չէ վախենալ Անկարայից, – շարունակում է Կոպբաեւը: – 30 տարի թուրքերը գրեթե ներդրումներ չեն արել Ղազախստանի տնտեսության մեջ, ի տարբերություն արաբական երկրների եւ Չինաստանի: Ժամանակն է վարել Անկարայի ցանկություններից անկախ արտաքին քաղաքականություն եւ լինել առաջադեմ աշխարհի ավանգարդում»:

Ղազախստանի կառավարությունը դճվար թե հետեւի նրա խորհուրդներին, սակայն ամենայն հավանականությամբ լռություն կպահպանի, կամ էլ կօգտագործի 1915 թ. ցեղասպանությունը ճանաչելու սպառնալիքը Թուրքիային ավելի մեծ պահանջներ ներկայացնելու համար», գրում է Փոլ Գոբլը, որը տարիներ առաջ առաջարկել էր Ղարաբաղյան կարգավորման պլան Մեղրիի միջանցքը ներառյալ:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/28/637937/