ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Շեբոյգան քաղաքի 14-ամյա բնակիչ Անտոնիո Բարբոն դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ հանցակցի հետ իր 78-ամյա տատին կողոպտելու և կացնահարելով սպանելու համար,-այս մասին գրում է Փաստինֆոն:
 
Ըստ «Lifenews.ru»-ի՝ Բարբոն իր ընկեր Նաթան Պաապեի հետ որոշել էին կողոպտել Բարբարա Օլսոնին: Անտոնիոյի տատիկը նրանց տուն էր հրավիրել: Ինչ-որ պահի տատիկը շրջվել է մեջքով դեպի տղաները՝ Անտոնիոյի մորը զանգահարելու համար, և հենց այդ պահին թոռը հարվածել է կացնով: Դրանից հետո, ինչպես պատմել է Անտոնիոն, նա իրեն վատ է զգացել և վազել դեպի լոգարան, իսկ երբ այնտեղից դուրս է եկել, տեսել է, թե ինչպես է իր ընկերը չարագործությունն ավարտին հասցնում մուրճի օգնությամբ:
 
Այնուհետև երիտասարդները փորձել են սպանվածի մարմինը խցկել մեքենայի բեռնախցիկը, ինչը նրանց չի հաջողվել և դիակը թողել են ավտոտնակում: Նրանք տնից  վերցրել են մանրադրամով դրամապանակը, ոսկե զարդեր և տատիկի մեքենայով ուղևորվել են բոուլինգի սրահ ու այնտեղ իերնց համար պիցա պատվիրել:
 
Քննությամբ պարզվել է, որ 2009թ. երիտասարդը ավտովթարի հետևանքով ստացել է գանգուղեղային վնասվածք, որը Անտոնիոյի մոտ շեղման պատճառ է դարձել, սակայն դատավորին այդ հանգամանքը չի ստիպել անտեսել սպանության գազանային բնույթը:
 
Բարբոն դատավճիռը լսելիս չի կարողացել զսպել հեկեկանքը: Նրա հանցակից Պաապեն ևս ցմահ ազատազրկվել է՝ 45 տարեկանում բողոքարկելու հնարավորությամբ: Դատավճիռն ընթերցելիս դատավորն ասել է, որ այդ պաշտոնում իր 24-ամյա աշխատանքի ընթացքում ինքն առաջին անգամ է առնչվում նման դեպքի հետ:

Սեփական տատին սպանած երիտասարդը կարող է վաղաժամկետ ազատման խնդրանքով դիմել միայն 36 տարի անց, երբ արդեն կլինի 50 տարեկան: