Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի Champions Chess Tour-ի հերթական օնլայն մրցաշարի՝ New In Chess Classic-ի կիսաեզրափակիչի առաջին խաղային օրը Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել նորվեգացի գրոսմայստերի հետ:

Առաջին և երկրորդ պարտիաներում գրանցվել է ոչ ոքի, երրորդում սպիտակ ֆիգուրներով հաղթել է Կարլսենը, իսկ չորրորդում՝ հայ գրոսմայստերը: Պատասխան պարտիաները տեղի կունենան ապրիլի 30-ին:


Մյուս կիսաեզրափակիչում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան 3:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի նկատմամբ:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստերը պայքարից դուրս էր թողել ամերիկացի Ուեսլի Սոյին:

Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 2-ին։ Մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է։ Առաջին տեղ գրաված շախմատիստը կստանա 30 հազար դոլար, երկրորդը՝ 15 հազար, երրորդը՝ 8500: