Հայաստանի հարավային սահմանները անվտանգ չեն, հայտարարել է ինչպես ԱԱԾ փոխտնօրենը, այնպես էլ Իմ քայլը դաշինքի պատգամավորներից մեկը։ «Պատերազմից հետո փոխվել է ավելի քան 500 կմ սահման», հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ։
«Ես եղել եմ սահմանին, ճանապարհը բաց է․ այն կողմից թուրքն է, այս կողմից՝ մենք։ Անհասկանալի իրավիճակ։ Ինչպե՞ս պետք ապահովվի ժողովրդի անվտանգությունը։ Այնտեղ ցանկացած պահի թուրքերը կարող են մարդ առեւանգել ճանապարհից» , – ասել է Միքայելյանը։
Ի պատասխան ԱԱԾ փոխտնօրենը նշել է, որ քանի դեռ սահմանը չի սահմանազատվել, շատ հարցեր են առաջանում, որոնք օպերատիվ միջամտություն են պահաջում, ինչն էլ անում են սահմանապահ զորքերը; «Ամենադժվարը Գորիսից Կապան ճանապարհի 20 կմ հատվածն է, այնտեղ տեղակայված են նաև ռուս խաղաղապահներ, և եթե առաջանում են կոնֆլիկտային իրավիճակներ, խաղաղապահները փորձում են դրանք լուծել», ասել է նա։
Նա կարծում է որ Սյունիքի մարզում չեզոք գոտու ստեղծումը թույլ կտա բացառել միջադեպերը։ «Երկու կողմից չեզոք գոտի, որտեղ բացառվելու է շփումը, հատկապես շրջանի բնակիչների և մյուս կողմի զինվորների միջեւ», ասել է ԱԱԾ փոխտնօրեն Մելքոնյանը։ Նրա խոսքով, մինչև չկատարվի սահմանազատում և սահմանագծում, անվտանգության մասին, հասկանալի պատճառներով, խոսելն անիմաստ է։
Թուրքիայի հետ նույնպես կա 1 կիլոմետրանոց չեզոք գոտի, հիշեցրել է նա։
«Մենք չենք կարող ասել, որ այս հատվածում ռազմաքաղաքական իրավիճակը հանգիստ է, չկան ռիսկեր և սպառնալիքներ։ Բնականաբար, այս պայմաններում բնակչությունը կարող է մտահոգություններ ունենալ», նշել է Մելքոնյանը։
Խոսելով Սյունիքի մարզի մասին, նա ընդգծել է, որ շփման գիծը դեռ վերջնականապես կարգավորված չէ։ Հիմա այն կազմում է 520 կմ, բայց դա սահման չէ, այլ դիրքեր։ Երբ ռազմաքաղաքական իրավիճակը հանդարտվի, հնարավոր կլինի հանձնաժողով ստեղծել և հստակեցնել սահմանը։
Ընդ որում, Մելքոնյանը աներկբա հայտարարել է․ «Ադրբեջանցիները շատ բան կարող են խոսել, միջանցքի մասին խոսք չկա և չի էլ կարող լինել։ Դուք տեղյակ եք, որ փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովը ուսումնասիրում է նյութատեխնիկական ճանապարհների հնարավոր տարբերակները։ Կարող են լինել երկաթուղիներ տարանցիկ երթևեկի համար, բայց ոչ միջանցքներ», հայտարարել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրենը։
Փաստորեն իշխող կուսակցության և ԱԱԾ մակարդակով ընդունվում է, որ Հայաստանի հարավային սահմաններն անվտանգ չեն։ Իսկ ո՞վ պետք է դրանով զբաղվի։ Այն, որ իրավիճակը թաքցնելու փորձեր չեն արվում, չի ազատում կառավարությանը պատասխանատվությունից։ Արդյոք ինչ-որ մեկը զբաղվում է անվտանգության համակարգով։ Նիկոլ Փաշինյանը ժամանակին խոսել է «Ռուսաստանի հետ միասին անվտանգության նոր համակարգ կառուցելու և նույնիսկ Սյունիքում երկրորդ ռուսական բազայի ստեղծման» մասին։ Ըստ ամենայնի, այս ծրագրերը ինչ-ինչ պատճառներով սառեցվել են:
Իրենց հերթին, Նախագահ Արմեն Սարգսյանը և ՄԻՊ Արման Թաթոյանը պնդում են տարածաշրջանում անվտանգության գոտի ստեղծելու գաղափարը: