Մայիսի 5-6-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանելու է Երևան, մայիսի 10-11-ին մեկնելու է Բաքու։ Սա այսպես ասած պարիտետային այց չէ, Երեւանում Լավրովը վերջնագրեր է ներկայացնելու մի շարք հարցերի շուրջ, որից հետո հաշվետվության է մեկնելու Բաքու։ Դա վաղուց Լավրովի գործառույթներից մեկն է։
Հիշվում է՝ 2016-ի ապրիլյան ռազմագործողություններից հետո Սերժ Սարգսյանը Երեւանում Լավրովին հարցրեց՝ մենք ունենք մեր վարկածը, կցանկանայինք լսել ձերը՝ ինչու այսպես եղավ։ Ներկայում նման հարցն անիմաստ է տալ Լավրովին՝ ամեն ինչ ինքը Լավրովը, ՌԴ բարձրագույն իշխանությունն արդեն խոստովանել են։
Ասում են՝ Երեւան ուղարկելուց առաջ Պուտինը հայհոյախառն կոշտ խոսակցություն է ունեցել Լավրովի հետ։ Պատճառը Հարավային Կովկասի ու մասնավորապես Հայաստանի ուղղությամբ Ռուսաստանի խոշոր եւ երեւում է վերջնական տապալումն է՝ անխուսափելի նահանջից առաջ։ Լավրովի պաշտոնավարման օրոք Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը տապալվել է բոլոր ուղղություններով, Ռուսաստանը վեր է ածվել իզգոյ պետության՝ ներքին բոլոր ոլորտներում անդառնալի դեգրադացիայով։ Ռուսաստանը աշխարհում ներկայում հիշատակվում է միայն թունավորումների, հաքերային միջամտությունների, վնասարարության, լրտեսական սկանդալների լրահոսում։
Ռուսաստանի ուժը ներկայում միայն Հայաստանի վրա է պատում։ Հայաստանի դեմ Արցախում ահաբեկչական պատերազմով, Հայաստանի մասնատման ու ինքնիշխանությունը վերացնելու ներկայիս քաղաքականությամբ Ռուսաստանը հատել է թշնամության բոլոր սահմանները։ Հայաստանի դեմ կիրառվել եւ կիրառվում են բոլոր մեթոդները՝ պատերազմի տաք փուլից մինչեւ հիբրիդային պատերազմի բոլոր տարրերը՝ ռուս-թուրքական համաձայնությունների իրագործումը եւ Մինսկի խմբի չեզոքացումն անշրջելի դարձնելու համար։
Առաջիկա «ընտրություններին» Մոսկվան պատրաստվում է ոչնչացնել Հայաստանի ինքնիշխանության մնացորդները՝ հերթական արյունահեղությամբ ու ներքին կյանքի լիակատար կազմալուծմամբ։ Դրա համար ներդրվել են հսկայական քաղաքական, մեդիա, գործակալական, ֆինանսական ռեսուրսներ, ինչի վկայությունը շարունակվող հակահայ քարոզչությունն է ՌԴ պաշտոնական զլմներում։
Լավրովի այցից առաջ Ռուսաստանը փաստացի պաշտոնապես հայտարարեց Հայաստանի դեմ պատերազմը․ Կրեմլի խոսնակի եւ ԱԳՆ կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ժխտումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի հայտարարում։ Ըստ այդմ, Կրեմլի քաղաքականությունն իրականացնող Լավրովը պետք է հայտարարվի անցանկալի անձ, եւ արգելվի նրա մուտքը Հայաստան։ Պաշտոնական Երեանի նման քայլն անկասկած հզոր ազդակ կլիներ։