Արավուսում առաջացած անվտանգային խնդիրները համայնքապետը մտադիր է հենակետ տեղակայել անմիջապես ադրբեջանական դիրքի դիմաց։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է համայնքապետ Արգամ Հովսեփյանը՝ նշելով, որ այդպիսով հովիվները կկարողանան ավելի անվտանգ կենդանիներին տանել արոտավայր՝ պատերազմից հետո մնացած մի փոքր հատվածում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ադրբեջանցիները բռնություն էին գործադրել հայ հովիվի նկատմամբ, փորձել անգամ նրան առեւանգել, ինչը կանխվել էր մեր կամավորականների կողմից ժամանակին միջամտելու արդյունքում։ Այս միջադեպից հետո լարվածությունը երբեմն-երբեմն սրվում է, ադրբեջանցիները շարունակում են քարեր նետել, հայհոյել հայ հովիվներին։
Համայնքապետը ադրբեջանական զորքերի հրամանատարի հետ երկու անգամ հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերել, բայց այն չի կայացել։ Երկու օր առաջ Արավուսի գյուղապետն ու հովիվը հանդիպել են զինված ադրբեջանցիներին՝ սահմանային ճշտումներ անելու համար, բայց ադրբեջանական զորքերի հրամանատարն իրենց չի մոտեցել։ Մեկ անգամ էլ հանդիպման էր գնացել բրիգադի հրամանատարի հետ, բայց ադրբեջանցիները կրկին խոստացված հանդիպմանը չէին ներկայացել։
«Ես մեր դիրքից 200 մետր մոտենալու եմ իրենց դիրքին, որպեսզի մեր հովիվները կարողանան անասուններն արածացնեն։ Երկու անգամ ինձ խաբեցին չեկան, իրենց հրամանատարը պետք է գար, գնացի մոտիկացա, պայմանավորվել էինք, իրենք չեկան։ Վերջինը երկու-երեք օր առաջ էր։ Իրենցից մեկ մետրի վրա պոստ ենք դնելու, որ քարերով չխփեն, չգոռգոռան, չհայհոյեն»։
Հովսեփյանը հիշեցրեց, որ գյուղի ջոկատին աշխարհազորին գրանցելու իր առաջարկը մերժվել է, հետևաբար անվտանգային հարցերը ինքը պետք է լուծի։ Եղանակային պայմանները լավանալուց հետո կսկսեն անվտանգային նպատակով նոր դիրքի շինարարությունը։
«Բրիգադի հրամանատարի հետ պայմանավորվել եմ, տրակտորը, էքսկավատորը բերենք, քանդենք, աշխատանքները սկսենք։ Հենց եղանակը բացվի, կսկսենք։ Մեր մոտ ահավոր վիճակ է՝ մառախուղ, անձրև, ցեխ։ 16 մետրը ներքևում է մնում, որտեղ զինվորներն են կանգնած, իսկ գյուղի դիմացը՝ իրենք մեր հողում են, մեր սեփականաշնորհված 64 հա հողում»,- ասաց Հովսեփյանը։
Գյուղում 40 տնտեսություն կա, 170 բնակիչ, 168 հա սեփականաշնորհված հողից 64-ը ադրբեջանական կողմին է անցել, սակայն տարածքները քարտեզներով, սեփականության վկայականով, գյուղին է պատկանում, իսկ ադրբեջանցիները GPS-ով են սահմանին կանգնել։
«Այդ հողերը հիմա մնում են, ինչ-որ հանձնաժողով պետք է գա, սպասում ենք, տեսնենք երբ են գալու։ Մեր վարած-ցանած ցորենը, գարին, հաճարը հիմա իրենց ձեռքն է։ Դրանք սեփականաշնորհված են, մեր գյուղի բնակիչներինն են»։
Հովսեփյանը տեղեկացրեց, որ նոր դիրքերի կառուցումը իրենց հաշվին են կատարելու, հսկելու է անձամբ ինքը՝ գյուղի տղաների հետ։
«Ես՝ իմ ջոկատով, իմ գյուղի տղաների հետ պաշտպանելու եմ։ Զինվորներն էլ են կանգնած, բայց մենք պետք է մոտիկ կանգնենք, որովհետև առանձին արոտ չկա՝ 70 տոկոս անասունները վաճառել են, մնացել է 30 տոկոսը։ Ամեն մեկին մեկ, երկուսն է մնացել, գոնե մարդիկ պահեն, իրենց երեխաներին յոլա տանեն։ Ես ինձ ապահովելու եմ, հետո մոտենամ։ Ինձ թվում է՝ կվախենան գործողության դիմելուց, շատ վախկոտ են իրենք»,- եզրափակեց համայնքի ղեկավարը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: