Նույնիսկ ամեն ինչ պարզ դարձրած Արցախի 2020 աղետից հետո հայրենիքի անվտանգությունը թշնամուն հանձնելը վկայում է հայ ղեկավարության հոգեկան լուրջ խնդիրների մասին: Հետպատերազմյա շրջանը նշանավորվել է Հայաստանի դեմ Ռուսաստանից ծավալված զանգվածային հոգեբանական պատերազմով, որի մեջ լուրջ տեղ է հատկացվում եւ դեռեւս պիտի հատկացվի սադրանքներին


Տեսանյութը, որը, դատելով մարդկանց տարիքից, պատկերոււմ է ՌԴ զինված ուժերի Գյումրիի 102-րդ ռազմակայանի սպայական կազմը, համացանց է թողարկվել մոսկովյան ռեժիմի շահերը սպասարկող «հայկական» զլմ-ների կողմից [rusarminfo և ուրիշներ]: Այն առաջացրել է օրինաչափ վրդովմունք: Հակահայկական «ռաբիսը» ակնհայտորեն սադրիչ բնույթ է կրում, և մենք մեր պարտքն ենք համարում ետ պահել մարդկանց ռուս զինվորականների դեմ պատասխան գործողություններից: Նրանք երկար չեն ծառայելու Գյումրիում, և հանգիստ հեռանալու հնարավորություն պետք է ունենան՝ թողնելով ողջ սպառազինությունը:

Նախագահ Պուտինի արտաքին քաղաքականության անդրկովկասյան ձախողումը լավ բան չի խոստանում Հայաստանին: Ռուսական սվինների վրա բազմած երեկվա գրչակը ի վիճակի չէ որևէ նշանակալից դիմադրություն ցուցաբերել ռուս-թուրքական ծրագրերին: Նրա եւ նախորդ ղեկավարի «բանավեճը» ստրատեգիական մտածողության բացակայության վառ արտահայտությունն է: Հասկանալի է, որ Հայաստանի ավելի քան 5000 որդիների կորստից հետո Լավրովի «եղբայրության» մասին ծաղրական տեսահոլովակի թողարկումը, «ինչպես Բելառուսում սավառնող եւ հայերին խաղաղություն պարգեւող» ինչ-որ արագիլների մասին բարբաջանքը սադրանքների ընդարձակ մի ծրագրի մաս է, որ ուղղված է հայերի, իբրեւ գլոբալ հանրության դեմ:

Մենք ականատես ենք Ռուսաստանի ղեկավարության և Բաքվի նրա նոքյարների անկանոն ռազմական գործողությունների էսկալացիային Հայաստանի դեմ: 2021 թ. Ապրիլի 28-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահի մակարդակով Հայոց ցեղասպանության ժխտման հայտարարությունը [մանրամասն այստեղ] իրենից ներկայացնում է հոգեբանական զանգվածային արշավանք, ուղղված ՀՀ բնակչության և Զինված ուժերի բարոյալքմանը:

Սկսվում է տոտալ պատերազմի նոր փուլ՝ նպատակ ունենալով քանդել հայկական ինքնաբնորոշման հիմքը: Եկեղեցի, լեզու, հիշողություն՝ ահա այն հիմնական նպատակները, որոնք գտնվում են Հարավային Կովկասում մոսկովյան «նոր կարգը» ծրագրավորողների թիրախում: Ակնայում և Ստեփանակերտում ռուսական եկեղեցիները և թուրքական մզկիթները միանշանակ խոսում են հոգևոր ստրկացման ծրագրի էության մասին: Ապրիլի 24-ին, հայերի համար սրբազան օրը Ստեփանակերտում «խաղաղապահների» ֆուտբոլային հանդիպումը նպատակ ուներ վիրավորանք հասցնել և զրկել հայերին ինքնավստահությունից: Հայաստանը և հայերը տարածաշրջանային այն ուժն են, որ կանգնած է Կրեմլի զառանցագին ծրագրերի իրականացման ճանապարհին:

Հյուսիսից մարտահրավերի մասշտաբները պետք է հստակ պատկերացնել: Ապրիլի 24-ը առաջին կետն էր, որին հաջորդելու է մայիսի 9-ը՝ այսպես կոչված «հաղթանակի շքերթներ» անցկացնելու փորձերով և ավանդական ռուսական էքսհիբիցիոնիզմի եւ պատկերապաշտության գործողություններով` «անմահ գնդի» տեսքով: Այս ձմռանը ձախողվեց Երևանի խեղկատակների եւ կավենչիկների կողմից հայերի կրոնական աշխարհընկալումը ոտնահարելու նմանատիպ մի փորձ:

Թշնամին կանգ չի առնում ոչնչի առաջ. Այդպիսին է դաժան իրողությունը: Օգնականների պակաս էլ, ինչպես տեսնում ենք, առանձնապես չի զգում: Արցախում աշնանային պատերազմի արդյունքները պետք է նախազգուշացնեն և ուսուցանեն: Սխալվելը նման պարագաներում չափազանց մեծ գին է ունենում:

Նյութի աղբյուր՝ Lragir.am