Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հարցազրույցի ժամանակ իր հասցեին հնչած մեղադրանքներին։ Փաշինյանը ասել է, որ բանակցությունների տրամաբանությունը փոխվել է 2015 թվականի աշնանը և 2016 թվականի ձմռանը: «Եթե Սերժ Սարգսյանը որոշել է բացահայտել գործընթացը, ապա թող բարի լինի պատմի 2015-ի աշնան և 2016 թվականի ձմռանը տեղի ունեցած իրադարձությունների մասին, որից հետո եղել է 2016 թվականի ապրիլի 2-ը», ասել է Փաշինյանը։


«Իր նախորդ հարցազրույցում նա ասում էր, որ ապրիլյան պատերազմը նշանակում էր, որ Ադրբեջանը հրաժարվում է կարգավորել հակամարտությունը Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելը նշանակում է հրաժարվել հանրաքվեից և միջանկյալ կարգավիճակից։ Սակայն այստեղ առաջանում է ամենասկզբունքային հարցը․ իսկ 2015-ի աշնանը և 2016-ի ձմռանը կարող էր արդյոք պարզվել, որ միջնորդները սկսել են պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը», ասել է Փաշինյանը։

Փաստորեն Փաշինյանը, մեղադրելով Սարգսյանին, պնդում է, որ «միջնորդները» ինչ-որ պահից անցել են Ադրբեջանի կողմը։ Նա Սարգսյանին կոչ է անում նշել այն միջնորդներին, ովքեր 2015-16 թթ. Փոխել են բանակցությունների տրամաբանությունը։ Հիշեցնենք, որ հենց այդ ժամանակահատվածում են հայտնի դարձել Լավրովի պլանը և Ռուսաստանի նախաձեռնությունները ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս։ Հենց այդ պահից «Ադրբեջանը սկսել է ասել ոչ Հայաստանի կողմից հնչած բոլոր առաջարկներին», նշում է Փաշինյանը։

Սերժ Սարգսյանը ապրիլի 28-ին հարցազրույցի ժամանակ Փաշինյանին մեղադրելիս փաստորեն նախատել է Ռուսաստանին։ «Մենք մեր դաշնակցի հետ ունենք երեք համաձայնագրեր, համաձայն որոնց նրանք պարտավորվում են մասնակցել մեր անվտանգության պաշտպանությանը, ուղղակիորեն մեր անվտանգության ապահովմանը, գումարած դրան ՀԱՊԿ-ը», նշել էր Սարգսյանը։ Նա ասել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է Ռուսաստանին ասեր, որ «մեզ համար Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը չափազանց կարևոր է, մենք հանդիսանում ենք դրա երաշխավորը, մենք մեր ամբողջ բանակը կտանենք այնտեղ, խնդրում ենք ապահովել մեր անվտանգությունը, տեղադրելով ձեր դրոշները։ Արդյոք մենք դիմել ենք մեր դաշնակցին։ Ոչ, չենք դիմել»։ «Այո, ՀԱՊԿ-ը պատասխանատու չէ Արցախի համար, սակայն Հայաստանի համար պատասխանատու է։ Պետք է խնդրեինք ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Իսկ մեր բանակը կզբաղվեր Արցախով», ասել է Սերժ Սարգսյանը։

Ստացվում է, որ Հայաստանը չի դիմել, բայց Ռուսաստանը նույնիսկ չպետք է սպասեր դրան, քանի որ պարտավոր էր ապահովել Հայաստանի անվտանգությունը, որպեսզի վերջինս կարողանար Արցախ ուղարկել իր զորքը։ Սարգսյանը այս կերպ բացահայտում է հայ-ռուսական պայմանագրային բազայի դատարկությունը։

Սյունիքի մարզում բացվել են ռուսական 102-րդ բազայի 2 հենակետեր, այսօր հայտարարել է Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման հիմքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է։ «Հայաստանի արտաքին անվտանգության համակարգը փոփոխություններ չի կրել ոչ պատերազմից առաջ, ոչ էլ դրանից հետո։ Եվ այդ համակարգը հիմնված էր, առաջին հերթին, հայ-ռուսական համատեղ խմբավորման և կովկասյան տարածաշրջանի համատեղ ՀՕՊ համակարգի վրա», ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով, ներկայիս անվտանգության համակարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության սահմանների վրա։

Փաստորեն, իրար մեղադրելով՝ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կամա թե ակամա բացահայտում եւ մեղադրում են Ռուսաստանի թշնամական պահվածքը ռազմականից մինչեւ այսպես կոչված բանակցային ոլորտներ: Հայաստանն իր վրա զգաց ռուսական անվտանգության համակարգի իրական բնույթը:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/03/639039/